Պայքար մշակույթի նախարարի աթոռի համար՝ Նախագահի՝ Կառավարությունում էական փոփոխությունների մասին հայտարարության ֆոնին

19:57 • 08.04.14

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ նոր Կառավարությունում էական փոփոխությունների մասին  հայտարարության և «գնացող ու մնացող» նախարարների՝ մամուլում հրապարակված ցուցակների ֆոնին Tert.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության 2 անդամ ակտիվ պայքարում է մշակույթի նախարարի պորտֆելի համար: Ըստ այդմ՝ նրանցից մեկը հանդիպում է խնդրել Հայաստանի ստեղծագործական միություններից Հայաստանի գրողների և նկարիչների միությունների նախագահների հետ, ինչպես նաև՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի հետ: Ստեղծագործական միությունների ղեկավարները՝ Էդվարդ Միլիտոնյանն ու Կարեն Աղամյանը, տեղեկությունը հերքեցին:


Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ կցանկանար մշակույթի նախարարի պաշտոնում տեսնել մի մարդու, ով ազգային մշակույթն իր գործունեության մեջ ամենաբարձրը կհամարի: Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ՀՀ-ում մշակույթի ոլորտը շուրջ 8 տարի ղեկավարող Հասմիկ Պողոսյանի աշխատանքը ինչպես է գնահատում, նա ասաց. «Գնահատական տալու ցանկություն չունեմ այսօր, ինչո՞ւ ե´ս պետք է գնահատեմ»։


Կարեն Աղամյանը նաև նշեց, որ չի կարող ասել, թե մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի փոխարեն ում կցանկանար տեսնել նախարարի պաշտոնում:


«Չեմ կարող ասել, իսկապես չգիտեմ, երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ»,-ասաց նա և բացառեց, որ որևէ շրջանակից որևէ անձ դիմած լինի իրեն՝ նախարարի պաշտոնում նշանակվելու համար որոշակի աջակցություն ստանալու համար:


Իսկ հարցին, թե ինչ էական խնդիրներ կան այսօր ոլորտում, և ինչպիսի լուծումներ է տեսնում, Կարեն Աղամյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, չեմ մտածել, դա մի խոսքով ասելու բան չի, մի ամբողջ համակարգի մասին է խոսքը, և ամեն մեկն իր կարծիքն ունի այդ հարցով, չեմ կարող ասել, որ ես ճիշտ կլինեմ այս դեպքում: Ինչքան մարդ, այնքան կարծիք»:


Անուններ չցանկացավ նշել նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:


«Լա´վ, է´լի, էդ հարցերը, ոնց ասում են՝ առանց մեկնաբանության: Մենք կուզենանք տեսնել, տեսնում ենք մարդկանց, ովքեր գրականություն են սիրում, ովքեր կարդում են: Նախարար կա, աշխատում ա, ի՞նչ ասեմ հիմա ես»,-ասաց նա և բացառեց, որ ԱԺ պատգամավորներից կամ այլ շրջանակներից որևէ մեկը իրենց միություն դիմած լինի՝ նախարարի պաշտոնում նշանակվելու համար աջակցելու նպատակով:


Հարցին, թե գործող նախարարի գործունեությունն ինչպես է գնահատում, նշեց, որ ինքը միայն կարող է ասել, որ գրքերի հրատարակչության հարցում շատ լավ աշխատել են:


«Մեր ներկա նախարարը մշտապես օգտակար է եղել էդ հարցերում, ես դժգոհություն չունեմ:
Գրողներին հրապարակելու հարցում աշխատանքը կազմակերպել է, նորմալ է եղել»,-ասաց նա։


Ինչ վերաբերում է ոլորտում առկա խնդիրներին, ապա Էդուարդ Միլիտոնյանը նշեց, որ մշակութային ոլորտում այսօր բազմաթիվ հարցեր կան, բայց իրենց հուզում է լեզվի խնդիրը:


«Հայաստանում և՛ հեռուստատեսությունում, և՛ մամուլում ու ընդհանրապես՝ մշակութային մակարդակներում հայերենի խնդիր կա այսօր: Մշակույթի նկատմամբ հարգանք պետք է ձևավորել: Ստեղծածը տարածելու, ներկայացնելու աշխարհով մեկ, որ Սփյուռքը ճանաչի մեր էսօրվա արվեստագետներին…»,-ասաց նա:


Թատերագետ Լևոն Մութաֆյանն էլ անկեղծացավ և նշեց, որ հենց իրեն է տեսնում մշակույթի նախարարի պաշտոնում, քանի որ ունի հայեցակարգ և հստակ վերաբերմունք Հայաստանում ձևավորված սխալ մշակութային քաղաքականության հանդեպ:


«Հետևաբար՝ կարծում եմ, որ ես կկարողանայի իրականացնել մի շարք մշակութային ծրագրեր և մշակութային ճիշտ քաղաքականություն: Այսօր սխալ եմ համարում մշակույթի նախարարության գործառույթն առհասարակ, նախարարությունը վերածվել է պրոդյուսերական կենտրոնի, մինդեռ պետք է լինի մշակութային քաղաքականություն իրականացնողը, պետք է առաջ մղի ազգային մշակույթի քարոզչության խնդիրը, ձևավորի հարգանք թատրոնների, համերգակատարողական կոլեկտիվների նկատմամբ»,-ասաց նա:


Լևոն Մութաֆյանն ընդգծեց, որ մշակույթի նախարարությունն զբաղված է տարբեր լոկալ մշակութային ծրագրեր իրականացնելով, մեր երկրում գլոբալ քաղաքականություն չի իրականացվում:


«Այս վերջին իրադարձությունը՝ կապված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի նշանակման հետ, խայտառակություն էր: Նշանակվեց մի մարդ, որը տեղյակ չէ թատրոնի ու բալետի արվեստից: Նա պիտի երաժիշտ կամ թատերագետ լինի: Անդրանիկ Արզումանյանը անտեղյակ է այդ ամենից, ընդամենը՝ եղել է Եգիպտոսում Ռուսաստանի մշակութային ակումբի տնօրեն»,-ասաց նա:


Լևոն Մութաֆյանը նաև ընդգծեց, որ Հասմիկ Պողոսյանն աշխատում է 2006թ.-ից, ինչը նշանակում է, որ անկախ ամեն ինչից՝ նա պետք է հեռանա:


«Մշակույթի ոլորտում 8 տարի ղեկավարելն արդեն ճգնաժամի է հասցնում, իսկ Հասմիկ Պողոսյանի դեպքում չափազանց շատ են ձախողումներն ու կամայականությունները: Սունդուկյանի թատրոնի ներկայիս վիճակը խոսում է Հասմիկ Պողոսյանի գործունեության մասին»,-ասաց նա: