Հոնկոնգում հյուրանոցի հավաքարարները պատահաբար դեն են նետել 3,7 միլիոն դոլար արժողությամբ նկարը

13:39 • 09.04.14

Հայտնի չինացի նկարիչ Ցույ Ժուչժոյի վրձնին պատկանող նկարը, որը վաճառվել է աճուրդում 3,7միլիոն դոլարով, կորել է Հոնկոնգի հինգաստղանի հյուրանոցից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

 

«Ձյունածածկ լեռներ» նկարն աղբն են նետել հյուրանոցի հավաքարարները: Դա տեղի է ունեցել Grand Hyatt հյուրանոցում, որտեղ ասիական Poly Auction աճուրդի տունն արվեստի գործերի աճուրդ էր կազմակերպել:

 

Տեսախցիկների ձայնագրությունները ցույց են տվել, որ հավաքարարները պատահաբար վերցրել են նկարն աղբի հետ, որն այնուհետ տարվել է աղբանոց:

 

Ոստիկաններն անմիջապես գնացել են այնտեղ, սակայն նկարի հետքերն աղբակույտի մեջ գտնել չի հաջողվել:
Grand Hyatt-ի ադմինիստրացիան հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը:

 

Ցույ ժուչժոն համարվում է Ասիայում ամենաթանկ ժամանակակից նկարիչներից մեկը: Աճուրդում նրա մեկ այլ աշխատանքը վաճառվել էր 23,8 միլիոն դոլարով: