Թատերական ներկայացում Չեխիայում
Չեխիայում Հայաստանի դեսպանությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել է Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի հյուրախաղերը Պրահայում: Հայաստանի վաստակավոր արտիստ, միջազգային փառատոնների մրցանակակիր, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Լալա Մնացականյանի ղեկավարությամբ թատերախումբը Պրահայի հանդիսատեսի դատին է ներկայացրել հանրահայտ չեխ գրող և դրամատուրգ Կարել Չապեկի (1890-1938թթ.) «Մայրը» պիեսը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Ուսումնական թատրոնը հանդես է եկել երկու ներկայացմամբ՝ ապրիլի 7-ին Պրահայի Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, իսկ հաջորդ օրը՝ Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Դիսկ» թատրոնում: Հանդիսատեսների թվում են եղել մի շարք օտարերկրյա դիվանագետներ, երկրի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, հանրաճանաչ չեխ արվեստագետներ և թատերասերներ, չեխահայեր:










