Ամերիկացի քահանան փորձել է վաճառել Դեմիեն Հերսթի կեղծված կտավները

08:24 • 09.04.14

Ամերիկացի քահանա Քևին Սազերլենդը մեղավոր է ճանաչվել բրիտանացի հայտնի նկարիչ Դեմիեն Հերսթի կեղծ կտավները վաճառելու փորձի համար և այժմ նրան սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում, այս մասին հայտնում է lenta.ru-ն։


46-ամյա քահանան նկարները գնել է կալիֆոռնիացի խաբեբա Վինսենթ Լոպրետոյից, որը ցուցմունքներ է տվել քահանայի դեմ՝ իրավապահների հետ համագործակցության շրջանակում։


Սազերլենդը ի սկզբանե մտադիր է եղել նկարները վաճառքի հանել Sotheby's-ում, սակայն աճուրդի տան մասնագետները պարզել են, որ կտավները բնօրինակը չեն և մերժել են քահանային։


Սազերլենդը հայտարարել է, որ աճուրդի տանն իրեն չեն ասել կտավների կեղծ լինելու մասին։ Այժմ քահանան ազատ է արձակվել 100.000 դոլար գրավի դիմաց։ Դատավճիռը կհայտարարվի մայիսի 19-ին։