Վատիկանի «մութ» կողմը՝ Պաոլո Սորենտինոյի նոր սերիալում
Իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն բացահայտել է իր նոր նախագծի մանրամասները. Դա 50 մասից բաղկացած սերիալ է՝ «The Young Pope» աշխատանքային անվանումով, գրում է buro247.ru-ն։
Սյուժեն կկազմվի Հռոմի պապ ընտրված ամերիկացի Լենի Բելարդոյի կերպարի, ինչպես նաև հորինված սկանդալների և ինտրիգների շուրջ։ Նկարահանումները կանցկացվեն Հռոմում, Վատիկանում, Աֆրիկայում և ԱՄՆ-ում։ Գլխավոր դերը կկատարի համաշխարհային ճանաչում ունեցող դերասան, ում անունը դեռ գաղտնի է պահվում։
Մեկ ամիս առաջ Սորենտինոն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Հզոր գեղեցկություն» ֆիլմի համար, հենց այդ աշխատանքի համար էլ ռեժիսորը ենթարկվել է Վատիկանի քննադատությանը։ Դա կարող էր սերիալ ստեղծելու պատճառ դառնալ, սակայն, իհարկե, ոչ գլխավորը։ Պատճառը հոգևորականների հեղինակության բարձրացումն է Ֆրանցիսկոս պապի ընտրությունից հետո։










