Բարեգործական միջոցառում Բրյուսելում՝ նվիրված քեսաբահայությանը
Բրյուսելում` «Հայ տանը», ապրիլի 9–ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և համայնքային բոլոր կառույցների աջակցությամբ տեղի է ունեցել բարեգործական-տեղեկատվական միջոցառում` նվիրված քեսաբահայությանն ու նրանց խնդիրներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացման խոսքով հանդես է եկել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Այնուհետև ելույթ ունեցող բանախոսները ներկայացրել են Սիրիայի հայ համայնքի, մասնավորապես` քեսաբահայության պատմությունը:
Միջոցառման ընթացքում ուղիղ կապ է հաստատվել Բեյրութի «Վան» ռադիոկայանի տնօրեն Ավո Գիդանյանի և քեսաբցի փախստական Կարո Սևան Մանճիկյանի հետ: Վերջիններս ներկաներին պատմել են քեսաբահայության խնդիրների և կարիքների մասին: Նրանք բարձր են գնահատել աշխարհասփյուռ հայության կողմից ցուցաբերվող թե՛ բարոյական, թե՛ նյութական աջակցությունը:
Միջոցառման վերջում տեղի է ունեցել հանգանակություն, որն ուղղվելու է Քեսաբի հայերի օգնությանը:










