«The Devil Wears Prada» վեպի շարունակությունն արդեն լույս է տեսել ռուսերեն լեզվով
Այս շաբաթ ռուսական գրախանութներում կհայտնվի Լորեն Վայսբերգերի «Revenge Wears Prad» վեպը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:
Նոր լույս տեսած գիրքը «The Devil Wears Prada»-ի շարունակությունն է, որի հիման վրա Մերիլ Սթրիփի և Աննա Հաթուեյի դերակատարմամբ նույնանուն ֆիլմ է նկարահանվել:
Վեպը թարգմանվել է 40 լեզվով, իսկ հոլիվուդյան ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին և ողջ աշխարհում ընդհանուր առմամբ 326 մլն դոլար է հավաքել:
Լորեն Վայսբերգերի նոր գրքում գլխավոր հերոսուհին՝ Էնդի Սաքսը, ով առաջատար ամսագրի գլխավոր խմբագիրն է, ամուսնանում է:
Ամեն ինչ պատրաստ է ամենաշքեղ հարսանիքի համար՝ շքեղ զգեստ, ժամանակակից լուսանկարիչ և, բնականաբար, երազանքների տղամարդը: Եվ որքան էլ Սաքսը ձգտում է հեռու մնալ իր նախկին տնօրեն Միրանդայից, սակայն «Prada» նախընտրողը վերադառնում է:










