Այս տարի «Թատրոն X»-ից ակնկալում եմ նոր խնդիրների բարձրացում. Արա Խզմալյան
«Թատրոն X» փառատոնի յոթերորդ մեկնարկը տրվեց այսօր՝ երեկոյան, և կտևի մինչև մայիսի 3-ը: Բացմանը Տիկնիկային թատրոնի բակում փոքրիկ համար ցուցադրեց Միմ ստուդիոն, որին հաջորդեց Աիդա Սիմոնի «Պրո Շամիրամ» բեմադրության ցուցադրումն ու քննարկումը: Փառատոնի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և մշակութային այլ գործիչներ:
Փառատոնի բացմանը գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը շնորհավորեց ներկաներին՝ նշելով. «Մեր քննարկումները տարեցտարի դառնում են ավելի անկաշկանդ, կոտրվում է ամենակարևոր պատը. մենք սկսեցինք ազատ արտահայտվել, չվախենալ կարծիք հայտնելուց, սովորեցինք լսել մյուսի տեսակետը: Կարծում եմ` սա ո´չ միայն մշակութային, այլև՝ հասարակական ձեռքբերում է»:
Tert.am-ը փառատոնի առանձնահատկությունների մասին զրուցեց փառատոնի նախագահ Արա Խզմալյանի հետ:
-Ինչո՞վ է առանձնանում այս տարվա «Թատրոն իքսը»:
-Շատ են երիտասարդական ստեղծագործական նոր թատերախմբերը: Կարծում եմ` անհայտ թատերախմբերի հետ քննարկումներն ավելի բուռն ու հետաքրքիր կանցնեն: Բացի այդ՝ այս տարի մեզ աջակցում է նաև մշակույթի նախարարությունը: Լավագույն արդյունք ցուցաբերած ներկայացումների հեղինակները կստանան դրամական պարգևներ` նոր ներկայացումներ բեմադրելու համար, սակայն մրցանակների կոնկրետ չափը հայտնի չէ:
- Փառատոնի շրջանակում ակտիվության աճ գրանցվո՞ւմ է:
-Հետաքրքրությունը փառատոնի հանդեպ չի սպառվում: Այս տարի ստիպված ենք եղել մերժել շատ անկախ թատերախմբերի մասնակցությունը. աճել է մասնակիցների թիվը: Փառատոնի ընթացքը կորոշի անվանակարգերի թիվը:
-Անցած տարի միտում նկատվեց՝ մրցանակներ տալ հիմնականում մարզերում բեմադրված ներկայացումներին: Կարելի՞ է ենթադրել, որ այս տարի պատմությունը կկրկնվի:
-Դա հատուկ ընտրված քաղաքականություն էր: Մենք որոշել էինք ուշադրությունը սևեռել մարզերի մշակութային կյանքին:Իսկ այս տարի մրցանակները բացառապես կտրվեն լավագույն ստեղծագործական աշխատանքներին:
- Մասնագիտական հանձնախմբի կազմում փոփոխություններ կա՞ն:
-Այո´, այս տարի ԵԹԿՊԻ ռեկտոր նշանակվեց ժյուրիի ղեկավար Դավիթ Մուրադյանը, այդ իսկ պատճառով չի մասնակցի ընտրությանը: Ժյուրիի կազմում ընդգրկվել է ևս մեկ մշակութային լրագրող:
-Ի՞նչ եք անկնալում փառատոնից այս տարի:
-Ակնկալում եմ նոր խնդիրների բարձրացում ու դրանց լուծման տարբերակների առաջարկ, ակտիվ քննարկումներ:
«Այս տարի կա հայտագրված քսանինը ներկայացում: Նկատել եմ` պլաստիկ բեմադրությունների ժանրի հանդեպ հետաքրքրությունը գնալով աճում է: Նմանատիպ չորս ներկայացման հայտ ենք գրանցել: Ինչպես միշտ՝ <«Թատրոն իքս»-ը այս տարի ևս ներկայացումներ ունի հայտագրված թե´ մայրաքաղաքից, թե´ մարզերից: Երևանյան դիտումների ընթացքում ունենք անակնկալ` առաջին անգամ փառատոնի շրջանակում կներկայացվի պրեմիերա,որը կլինի ոչ մրցութային: Մարզերում փառատոնն անցկացվելու է երկու փուլով. առաջին փուլում ընդգրկված են Աբովյանը, Վանաձորն ու Հրազդանը, իսկ երկրորդ փուլը`մշակութային քառօրյան, կանցկացվի Գյումրիում, որտեղ ելույթ կունենան այլ տարածաշրջաններից ժամանած թատերախմբեր ևս: Այնտեղ կանցկացվեն վարպետության դասեր, դրամատուրգիական ըներցումներ:










