Մերկ ենք գալիս այս աշխարհ, «մերկ» էլ հեռանում, թե ուր ենք գնում, չգիտենք. Ջիվան Գասպարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցին

15:00 • 12.04.14

Երաժշտաքննադատները Ջիվան Գասպարյանին անվանում են «յուրահատուկ երևույթ երաժշտարվեստում, դուդուկի անգերազանցելի վարպետ»։ Նախորդ տարի աշնանը լրացավ նրա 85-ամյակը։ Մոսկվայում նա հոբելյանական համերգներ է ունեցել։

 

«Комсомольская правда» պարբերականի թղթակիցը զրուցել է վարպետի հետ հյուրանոցային համարում։

 

Սեղանին փոքրիկ ճամպրուկ է, որում 3 դուդուկ է դրված։ «Յուրաքանչյուրն իր բնավորությունն ունի։ Ես նրանց բոլորին սիրում եմ»,- բացատրել է Ջիվան Գասպարյանը։ Դուդուկներն էլ նրան են սիրում. հովվի եղեգը երաժշտին համաշխարհային փառք է բերել։

 

Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու են հասուն տղամարդիկ նրա համերգների ընթացքում դուդուկ լսում և արտասվում։ Ի՞նչ է անում նրա երաժշտությունը մարդկանց հետ։

«Գիտես, դուդուկը տղամարդու տխրության երաժշտությունն է։ Ոչ կանանց։ Կանայք այդպես չեն լացում։ Տղամարդկանց արցունքները ներսում են, հոգում։ Հիշում եմ՝ մի անգամ Վիլյամ Սարոյանը, երբ լսեց ինձ, ասաց՝ «Ջիվան, սա աղոթք է, սա խաղ չէ»։ Ես մինչ օրս չեմ մոռացել այդ բառերը։ Պետք է լավ նվագել, որպեսզի մարդիկ հասկանան, թե դու ինչ ես ասում քո փոքրիկ գործիքով։ Գործիքը նույնպես կարող է խոսել։ Նա նույնպես ասելիք ունի»,- նշել է երաժիշտը։

 

Լրագրողի այն հարցին, թե ինչի մասին է աղոթքը, վարպետը պատասխանել է, որ աղոթքը լինում է սիրո, մոր, հայրենիքի համար։ «Փակում եմ աչքերս և նվագում այն, ինչ տեսնում եմ սրտով»,- խոստովանել է վարպետը։

 

«Համբուրվելիս նույնպես աչքերը չեն բացում»,- նկատել է լրագրողը, ինչին Ջիվան Գասպարյանը պատասխանել է, որ երաժշտությունը նման է կնոջ հանդեպ սիրուն. «Ես 85 տարեկան եմ։ 20.000 համերգ, ավելի քան 2.000 երգ՝ այսքան երկար համբույր»։

 

Հայ հայտնի դուդուկահարը, խոսելով ժամանակակից երաժշտության մասին, նշել է, որ ցանկացած երաժշտություն լավ է, եթե լավ են կատարում։ Վարպետը խոստովանել է, որ, օրինակ, հին ռուսական երգերը հուզում են իրեն, իսկ ժամանակակիցները՝ ոչ։

 

«Ժամանակակից երաժշտության 80%-ը լավ կլիներ, որ չլիներ։ Այժմ ամբողջ աշխարհը փչացել է, տաղանդավոր մարդիկ քիչ են։ Առանց այն էլ նրանք չէին կարող շատ լինել, իսկ այժմ առավելևս քիչ են։ Այդ ամենն ինքնագործունեություն է։ Օրինակ՝ այն օրը հեռուստացույցով ցույց են տալիս, երգում են՝ «Ես սիրում եմ քեզ, արի ինձ մոտ, թեկուզ 100 տարի անց, սակայն արի»։ Հիմա՛ր։ Կգա նա 100 տարի հետո, իսկ հետո՞։ Ի՞նչ ես անելու նրա հետ, եթե իհարկե ողջ մնաս։ Չեմ կարող դա լսել։ Երիտասարդությունը չի հասկանում, որ դա միայն աղմուկ է։ Իսկ նա երգում է, մերկ է, հանել է վերնաշապիկը, անդրավարտիքով վազում է բեմում։ Ես նրան կասեի՝ տղա ջան, գնա՛, աշխատի՛ր գործարանում կամ մեկ այլ վայրում, իսկ երաժշտությունը քոնը չէ։ Երաժշտությունն Աստված է տալիս մարդուն»,- պատասխանել է Ջիվան Գասպարյանը։

 

Վարպետը նշել է, որ 85 տարին մեկ ակնթարթի նման են անցել։ Նա նույնիսկ չի զգացել, թե ինչպես։ Գեղեցիկ է կյանքը ու դատարկ, ասել է երաժիշտը՝ նշելով, որ մարդու սեփականությունը միայն իր անունն է և պատմությունը։ Իսկ մնացածը այսօր քոնն է, վաղը՝ մեկ ուրիշինը։ Կարող են վերցնել մարդուց, տալ ուրիշի, հետո նրանից էլ վերցնել, վաճառել։ Իսկ անունը չեն կարող վաճառել։ Մարդու պատմությունը չեն կարող վաճառել։

«Մերկ ենք գալիս այս աշխարհ, մերկ էլ հեռանում ենք այս աշխարհից։ Թե ուր ենք գնում, մենք էլ չգիտենք։ Դեռևս ոչ ոք չի վերադարձել այնտեղից։ Իսկ ես դեռ ցանկանում եմ նվագել մարդկանց համար։ Պետք է աշխատել։ Ցանկանում եմ աշխատել։ Ահա այդպիսի երազանք»,- ասել է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը։
 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։