Լոնդոնում ցուցադրվում է Ֆաբերժեի Զատկի ձուն, որը պատրաստվել է ռուս կայսրուհու համար

20:23 • 12.04.14

Լոնդոնյան Գրաֆթոն սթրիթում գտնվող Wartski անտիկ իրերի սրահում ցուցադրության է ներկայացվել նախկինում կորած համարվող Ֆաբերժեի ձուն:


Ինչպես հայտնում է Euromag-ը` այն պատրաստվել է ռուս կայսր Ալեքսանդր Երրորդի համար: Տվյալ նմուշը պատրաստվել է 1887-ին` որպես Զատիկի նվեր կայսրուհի Մարիա Ֆյոդորովայի համար: Հեղափոխությունից և բոլշևիզմի դարաշրջանից հետո ձուն խորհրդավոր կերպով հայտնվել է ԱՄՆ-ում:


Ավելի ուշ այն ձեռք է բերել անհայտ կոլեկցիոները՝ 8000 ֆունտ ստերլինգվ, ապա այն համացանցով վաճառքի է հանվել որպես մետաղի ջարդոն:


Ավելի ուշ պարզվել է, որ խոսքը հեղափոխության տարիներին  կորսված օրինակի մասին է, ինչից հետո ձվի արժեքը հասել է 20 մլն-ի: Ֆաբերժեի աշխատանքների ուսումնասիրությամբ զբաղվող Wartski ընկերությունը ձեռք է բերել Զատկի ձուն և ներկայացրել հանրությանը: Ձվի ներսում կանացի ժամացույց է թաքնված, որը Ֆաբերժեի բոլոր ձվերի ավանդական տարրն է: Այն տեսնել հնարավոր է ապրիլի14-17ը: