Աճուրդի կհանվեն Էնդի Ուորհոլի ինքնադիմանկարները
Sotheby's աճուրդի տունը մայիսի 14-ին վաճառքի կհանի ժամանակակից արվեստի աշխատանքներ՝ Էնդի Ուորհոլի 6 ինքնադիմանկարների շարքը, գրում է ИТАР-ТАСС-ը։
Ինչպես հայտնել են աճուրդի տան ներկայացուցիչները, դրանք կվաճառվեն որպես մեկ նմուշ։ Ենթադրվում է, որ վաճառքից կստացվի 25-35 մլն դոլար։
Այդ ինքնադիմանկարներն Ուորհոլը ստեղծել է 1986-ին՝ իր մահից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Ուորհոլը մահացել է Նյու Յորքում 1987թ. փետրվարին՝ վիրահատությունից հետո անսպասելի բարդությունների հետևանքով։
Կտավների ներկայիս տերերը գնել են այն 57.500 դոլարով 1986թ. հուլիսին լոնդոնյան պատկերասրահում, որտեղ անցկացվել է Ուորհոլի ամբողջ կարիերայի ընթացքում ինքնադիմանկարների միակ ցուցահանդեսը։
Նկարիչը կոնկրետ հանձնարարություններ է տվել, թե ինչպիսի բարձրության վրա և հերթականությամբ պետք է կախված լինեն իր աշխատանքները, որոնք միմյանցից տարբերվում են միայն գույնով։ Հենց նրա ցանկացած ձևով կտավները կախված են մնացել վերջին 28 տարիների ընթացքում։










