Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվում է Սուրբ Պատարագ, և մարդիկ իրենց հետ բերում են ձիթենու և ուռենու ճյուղեր, որոնք եկեղեցում օրհնելուց հետո տանում են տուն:
Tert.am-ի հետ զրույցում Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը նշեց, որ Հիսուսը շատ անգամ էր մտել Երուսաղեմ, բայց այս անգամը համարվում էր հաղթական, որովետև խորհրդանշում էր այն ավագ շաբաթը, որը պետք է սկսվեր։ «Ծաղկազարդով բացվում է ավագ շաբաթի դուռը, որը նաև խորհդանշում է մուտքի խորհուրդը»,-նշեց քահանան` հավելելով, որ Հիսուսի մուտքը ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղեր փռելով ճանապարհի վրա:
«Ծաղկազարդը խորհդանշում է նաև այն, որ տերը պետք է մտնի Երուսաղեմ, մանուկները պետք է օրհնեն նրան, և մարգարեությունները կատարվեն, նա պետք է չարչարվի, խաչվի, և զատկի տոնին մենք պետք է նրա հարությանն արժանանանք։ Այսինքն՝ ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը»,-ասաց նա:
Տեր Բաբկենը նշեց, որ Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, և բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը` ժամերգությունից հետո, մատուցվում է Սուրբ Պատարագ:
«Եկեղեցիներում Սուրբ Պատարագին օրհնվում են ճյուղեր, այդ օրը Վեհափառի կողմից երկար տարիներ մանուկների օրհնության կարգ է կատարվում, օրհնվում են նաև անդաստանները, աշխարհի չորս կողմերը, ինչպես նաև` կատարվում է դռնբացեք, այսինքն՝ վարագույրի հետ դեպի երկինք խոսակցություն կա, քահանան խոսում է եկեղեցու անունից, հրեշտակները երկնքից հարցանում են` ովքեր են նրանք, այսինքն՝ շատ խորհրդավոր արարողություն է կատարվում, և դռնբացեքով բացվում է վարագույրը, որն այս ամբողջ շրջանում փակ էր: Ծաղկազարդով մուտք է կատարավում ավագ շաբաթ»,-նշեց նա։










