Ըստ Հմայակ Դուրգարյանի՝ այս տարի ժողովրդի աչքերում ուրախության փայլ կա. «Վերածնունդ» փառատոնը՝ Գյումրիում (լուսանկարներ)
Շիրակի մարզկենտրոն Գյումրին այս անգամ հյուրընկալել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը: Այն այս տարի նվիրված է Արմեն Տիգրանյանի 135, Սերգեյ Ռախմանինովի 140 և Արցախյան գոյամարտի 20 ամյակներին:
Փառատոնի նպատակն է պրոպագանդել դասական երաժշտությունը, տարբեր ազգության արտիստների մեջ սերմանել բարեկամություն ու ճանապարհ հարթել նոր ստեղծագործական համագործակցությունների համար: Այս տարի հանդես կգան 2700 մասնակիցներ 33 երկրներից և կփորձեն նվաճել լավագույնի կոչումը` ստանալով 1000 ԱՄՆ դոլար պարգևավճար ու այլ մրցանակներ:

.jpg)
Ժյուրիի անդամ Ռաիսա Մկրտչյանի խոսքով՝ մասնակիցներից շատերն ունեն հիանալի ձայն, սակայն կա մի խնդիր. «Լավ է, որ մասնակիցները արտասահմանյան երգեր են կատարում, բայց առաջին հերթին պետք է իրենց հայ կոմպոզիտորների երգերը լավ երգեն, ապա նոր ցույց տան, որ նա էլ կարող են: Ես զարմացած եմ՝ ամբողջ հայությունն ունի ձայնային պոտենցիալ, երևի հայկական օդն ու ջուրը նպաստում են»:
«Լարային գործիքներ» մրցութային փուլի ժյուրիի կազմում արդեն երրորդ անգամ ընդգրկված Հմայակ Դուրգարյանն այս տարի հետաքրքիր փոփոխություն է նկատել մարդկանց վերաբերմունքի մեջ. «Նախորդ տարիներին թե՛ մասնակիցները, թե՛ գյումրեցիները թախծոտ էին: Երգեր լսելիս բոլորս լաց էինք լինում, հիշում երկրաշարժի տարիները: Մեկ օր առաջ խոսում էինք այս մասին ու ասում, որ անգամ այդ տարիներին գյումրեցու հումորը չէր կորել: Երևի հենց այդ պատճառով էլ հաղթահարեցինք: Իսկ արդեն այս տարի նկատում եմ, որ մարդկանց աչքերում ուրախության փայլ է առաջացել»:

Մրցութային փուլերի լսումներն արդեն երեք օր է, ինչ ընթանում էին, իսկ փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրու Դրամատիկական թատրոնում` երեկ՝ ապրիլին 12-ին. փառատոնը կշարունակվի մինչև ապրիլի 19-ը։ Միջոցառմանը ներկա էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, և այլք:

Մինչ համերգը, Շիրակի մարզպետարանի կողմից հուշամեդալ շնորհվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Այնուհետև հոգևոր հայրը բեմում ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը, իսկ փառատոնը ստացավ վերջինիս օրհնությունը:
Երաժշտական համարներով հանդես եկան նաև ժյուրիի անդամները:
.jpg)










