Ֆրանսիայի սենատը գինին երկրի մշակութային ժառանգության մաս է ճանաչել

11:59 • 14.04.14

Ֆրանսիացի սենատորները գյուղատնտեսության մասին օրենքի քննարկման ժամանակ միաձայն ընդունել են գինուն «երկրի մշակութային, գաստրոնոմիկ և լանդշաֆտային ժառանգության» կարգավիճակ շնորհելու մասին որոշումը, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

«Գինին և գինեգործությունը Ֆրանսիայի կենդանի ժառանգությունն են, դա երկրի մշակութային, գրական ժառանգության մի մասն է, հավասարաչափ, ինչպես և գաստրոնոմիկ, լանդշաֆտային, ճարտարապետական, տնտեսական և սոցիալական ժառանգությունը, որը հարյուր հազարավոր աշխատատեղեր է ապահովում»,- նշել է փոփոխության հեղինակ, սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Ռոնալդ Կուրտոն։

 

Le Parisien պարբերականին տված հարցազրույցում սենատոր Ժերար Բային ասել է, որ գինին իրենց պատմության անբաժանելի մասն է, «դա ժառանգություն է, որը փոխանցվել է սերնդեսերունդ և նպաստել է մեր երկրի դրական իմիջի ձևավորմանը»։