Առինջում 12-րդ դարի խաչքարեր կան, բայց դրանք տեղաշարժում, գերեզմաններ են սարքում. Հնագետն ահազանգում է

19:14 • 14.04.14

Հնագետ Համլետ Պետրոսյանը արդեն 10 տարի է՝ հետևում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող խաչքարային դաշտին, որտեղ հաճախ է լինում իր ուսանողների հետ: Վերջերս նա լուսանկարներ է հրապարակել Facebook-ի իր էջում, որտեղ պատկերված են կոտրտված խաչքարերն ու չորս բոլորը թափված քարերն ու նոր գերեզմանները: Tert.am-ի հետ զրույցում Համլետ Պետրոսյանը նշեց, որ ինքը այս տարիների ընթացքում տարածքը բարեկարգելու ու հուշարձանները պահպանելու հարցով դիմել է ՀՀ մի շարք մշակույթի նախարարների, Հայաստանի գիտնականների անունից նամակ է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, արել իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ, սակայն դեռևս ապարդյուն:


«Հիմա արդեն իմաստ չեմ տեսնում, որ մեկին ինչ-որ բան ասեմ, ուղղակի ամեն անգամ այնտեղ գնալուց փորձում եմ մարդկանց իրավիճակը ներկայացնել: Բայց այնտեղ թաղումներ են անում, ու դրանց պատճառով տարածքը քարուքանդ է լինում, խաչքարերն էլ ավերվում են, քանի որ դրանք նոր գերեզմանների համար հաճախ տեղաշարժում են»,-ասաց նա:


Հնագետն ընդգծեց, որ Առինջի խաչքարերի դաշտը Հայաստանում երկրորդն է քանակով, բայց առաջինը՝ եզակի նմուշներով:


«Մոտավորապես 150-200 խաչքար կա, ամենավաղը 12-րդ դարի կեսերի գործ է, ամենաուշ գործերը՝ 17-րդ դարի վերջերի: Հայաստանում գոյություն չունի գեղարվեստական արժանիքներով երկրորդ նման դաշտ: Խաչքարեր կան, որ խաչքարային արվեստի գլուխգործոցներ են: Հարկավոր է շտապ մի ծրագիր կազմել, որը խստորեն կպահպանի օրենքները և կբացառի ցանկացած նոր թաղում: Հարկավոր է տարածքը կարգի բերել, գերեզմանները ինչ-որ կերպ սահմանազատել խաչքարային դաշտից: Խիստ վերահսկողություն է պետք սահմանել»,-ասաց նա:


Թե ինչո՞ւ Մշակույթի նախարարությունը հավուր պատշաճի չի պահպանում տարածքն ու խաչքարերը հարցի պատասխանը ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարություն, որի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից մեզ հորդորեցին էլեկտրոնային նամակ ուղարկել, որին կպատասխանեն հնարավոր սեղմ ժամկետում:


Առինջի խաչքարային դաշտի մասին զրուցեցինք նաև ճարտարապետ Սամվել Կարապետյանի հետ, ով ընդգծեց, որ ստեղծված իրավիճակի պատճառը տգետ, անմշակույթ հասարակության առկայությունն է:


«Եթե սիրում ենք մեր մշակույթով հպարտանալ և մասնավորապես մեր խաչքարերով, ուրեմն պետք է պահպանենք Հայաստանի տարածքում ամենաշատ խաչքարերով հնավայրերից մեկը: Այստեղ խնդիրը նա չէ, թե որքան է արժեքը բարձր կամ համեմատության մեջ դնենք մեկ այլ հնավայրի հետ: Նույնիսկ եթե այնտեղ շատ քիչ խաչքարեր լինեին և այդքան բարձրարվեստ չլինեին, միևնույնն է, այդ անհարգանք վերաբերմունքը, որ մենք ունենք, տվյալ դեպքում այս հնավայրի նկատմամբ, չպետք է լիներ»,-ասաց նա:


Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ դպրոցներում անհրաժեշտ է գոնե այսօր ցանել այն սերմերը, որ առնվազն 10 տարի հետո դպրոցն ավարտած հայ մարդը մշակութակիր լինի:


«Այսինքն՝ մեր տգիտության զոհերն են մեր հուշարձանները: Ես ինձ ինչքան հիշում եմ, գոնե մի 30 տարի, նույն երգն եմ երգում, որ կրթական համակարգում ներմուծվեն պետք եղած գիտելիքներ, որ մենք ունենանք մշակութակիր հասարակություն, որ մեր հուշարձանները չլինեն այն վիճակում, ինչ որ հիմա կան»,-ասաց նա:

 

լուսանկարները՝ Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից