Խաչատրյանն ինձ տվել է կյանք. Դորա Սերվիարյան-Կյունի համերգը և ֆիլմի ցուցադրությունը՝ Երևանում

17:16 • 14.04.14

Հայազգի դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունը, ով չորրորդ անգամ է Հայաստանում և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ապրիլի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնեն Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը: Այս մասին մանրամասներ հաղորդեցին Էդուարդ Թոփչյանը և Դորա Սերվիարյան-Կյունը՝ այսօր հրավիրված ասուլիսում:


Դորան միջազգային հանրությանը հայտնի է որպես Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի առաջատար մեկնաբան։ «Խաչատրյանի երաժշտությունը ուրիշ ոչ ոքի հետ չես շփոթի: Նրա ստեղծագործությունները նվագելիս ես երբեք չեմ տխրում: Խաչատրյանն ինձ տվել է կյանք: Ամեն անգամ մատներով ստեղնաշարին հպվելիս՝ ես նրան զգում ու բացահայտում եմ նորովի»,-հայ մեծանուն կոմպոզիտորի ժառանգությունն այսպես նկարագրեց դաշնակահարուհին:


Համերգից մեկ օր անց Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճում կցուցադրվի Դորա Սերվիարյանի հեղինակած «Խաչատրյան»-ը` 83 րոպեանոց լիամետրաժ վավերագրական ֆիլմը: Ֆիլմի պրեմիերան կայացել է Հոլիվուդում` 2003 թվականին։


«Ֆիլմիս հանդիսատեսը հիմնականում երիտասարդությունն էր և նրանք, լինելով անտեղյակ հայ մեծ կոմպոզիտորի կյանքից, դիտելիս հուզվում ու լալիս էին: Ֆիլմի ամբողջ ընթացքում հնչում է Խաչատրյան: Սա նպատակ ունի պրոպագանդելու կոմպոզիտորին ու ապացուցելու, որ Արամ Խաչատրյանը «Սուսերով պարից» առավել գեղեցիկ ստեղծագործություններ ունի»,- ասաց Դորան:


Նա նաև հավելեց, որ ֆիլմի պատրաստման համար կադրեր է ձեռք բերել դեռ ՀԽՍՀ-ի տարիներին: Իսկ այժմ ցանկություն ունի անդրադառնալու Սերգեյ Փարաջանովի կյանքին:


Լրագրողի հարցին, թե արդյոք չի ցանկանում Եղեռնի հարյուրամյակին որևէ միջոցառում կազմակերպել, Դորան պատասխանեց. «Կցանկանայի ֆիլմ նկարահանել, բայց ֆիլմս պիտի նոր ասելիք ունենա»: