Ինչ են ակնկալում մտավորականները նոր կառավարության մշակութային քաղաքականությունից. տեսակետներ
Ճարտարապետ Լևոն Իգիթյանը նոր կառավարությունից մեկ բան է ակնկալում, որ կարողանան մտավորականներին տարբերակել ու մտավորականությանը մի քիչ ավելի հաշվի առնել։ «Ասում են մտավորականությունը ինչո՞ւ է հեռու պահում իրեն. իր գործով է զբաղվում։ Մենք չպետք է գնանք իրենց դուռը, իրենք պետք է գան մեր դուռը, եթե, իհարկե, մտավորական են։ Բոլոր ժամանակ էլ թագավորների կողքին կային մտավորականներ, թագավորն էլ հյուրասիրում էր»,- ասաց նա։
Թե ինչ ուղղվածություն պետք է ունենա մշակութային քաղաքականությունը՝ Լևոն Իգիթյանը նկատեց, թե հարցեր կան, որոնց մասին ուղղակի չի ուզում խոսել։ «Որովհետև չեմ զբաղվում ու իմ հետաքրքրությունից դուրս է»,- ասաց նա և ավելացրեց, թե ըստ էության, մշակութային հասկացությունը համամարդկային հարթակ է։
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հակառակ տեսակետն ունի, ի տարբերություն Իգիթյանի, ով պնդում է, թե մտավորականին լսող չկա։ «Կարծում եմ, այդպես չէ, երբ մենք մտածում ենք, որ պետք է լսի կառավարությունը։ Մտավորականի խոսքը ոչ թե պետք է ուղղված լինի կառավարությանը, այլ՝ հասարակությանը, իսկ հասարակության խոսքն արդեն կառավարությանը։ Դժգոհություն չունեմ այդ տեսակետից, որ ես ասում եմ և որոշակի արձագանք ստանում եմ, իսկ իշխանությունն արձագանքում է, թե՝ ոչ, իր պրոբլեմն է, եթե արձագանքում է՝ լավ, չի արձագանքում՝ավելի վատ իր համար»,- ասաց նա։
Ռուբեն Բաբայանն ընդգծեց, թե կարող ենք ունենալ և ունենք բազմաթիվ հաջողություններ, բայց ունենք հակամշակութային մթնոլորտ։ «Սա շատ ավելի մտահոգիչ է, քան այն բոլոր հաջողությունները, որ կան։ Մշակույթը չի կարող լինել հանուն մշակույթի, այն ինչ անում ենք, չի կարող լինել միայն մեր նեղ ուրախությունների համար, եթե նա չունի ելք հասարակությանը, եթե չի ազնվականացնում մարդուն, ապա մեր արածը գրոշի արժեք չունի»,- նշեց նա։
Իսկ թե տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ինչ սպասելիքներ ունի նոր կառավարությունից պատասխանեց. «Ճիշտն ասած վաղուց չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ։ Թումանյանի անվան թատրոնում եմ աշխատում, ով մի հեքիաթ ունի «Քեֆ անողի, քեֆը չի պակասում»։ Ինչ ուզում է լինի արվեստով զբաղվելը քեֆ է, տոն, ինչ էլ ուզում են անեն, մեկ է դու պետք է մնաս։ Փարաջանովը բանտում էր ստեղծագործում, իսկ ազատության մեջ գտնվողները ասում են տվեք պայմաններ»։
Ամեն դեպքում նա նկատեց, թե կցանկանար, որ նոր կառավարությունը ծրագիր ունենար և, ի վերջո, բացատրեր, թե ինչպես է տեսնում Հայաստանի ապագան և որտեղ է տեսնում։
«Որտեղ ասելով նկատի չունեմ այն պրիմիտիվ Մաքսային միությունը կամ Եվրոպա ուղղությունը, այլ նկատի ունեմ արժեքային համակարգով ինչ ենք ուզում. ուզում ենք քաղաքացի և արժանապատիվ կյա՞նք, թե՞ ուզում ենք հարստանալ, բազար սարքենք։ «Մինչև այս հարցի պատասխանը չտանք արտագաղթի դեմը չենք առնի։ Եթե չգիտեմ հանուն ինչի եմ ապրում կգերադասեմ ապրել այլ տեղ, գոնե կիմանամ ինչի համար եմ ապրում»,- նշեց նա։










