Կանանց ֆիլմերի փառատոնում հաղթել է Իսպանիայում ճգնաժամի մասին ֆիլմը

15:28 • 14.04.14

Գերմանական Դորտմունդ և Քյոլն քաղաքներում անցկացվել է Կանանց կինոյի միջազգային փառատոնը, որն ավարտվել է ապրիլի 13-ին։ Լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակի է արժանացել իսպանուհի ռեժիսոր Նեուս Բալյուսի «La Plaga» ֆիլմը, որը պատմում է Կատալոնիայի գյուղական բնակավայրերից մեկի կյանքի մասին, գրում է Deutsche Welle-ն։

 

Փառատոնի մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ այս ֆիլմն Իսպանիայում և ընդհանրապես Եվրոպայում ճգնաժամի գեղարվեստական մեկնաբանությունն է։ Այս անվանակարգում դրամական մրցանակը 10.000 եվրո է։

 

Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացել է իսրայելուհի Յաել Ռեուվենիի «Ցտեսություն, պարոն Շվարց կամ նախորդ տարվա ձյուն» վավերագրական ֆիլմը։ Այն պատմում է քույր ու եղբոր մասին, որոնք եղել են նացիստական ճամբարում։ Ազատվելուց հետո քույրը մեկնում է Իսրայել, իսկ եղբայրը մնում է Գերմանիայում, ամուսնանում գերմանուհու հետ և ամբողջ կյանքում չի համարձակվում այդ մասին հայտնել քրոջը, ով նրան զոհված է համարում։