Հայրենի գյուղում Համո Սահյանի տունը վերականգնվել է, բայց մայրաքաղաքում հուշարձան տեղադրելու հարցը մնում է

14:09 • 15.04.14

Երեկ հայ բանաստեղծ համո Սահյանի ծննդյան 100-ամյակն էր: Այդ առիթով այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի նախագահ Սոս Դավթյանը և բանաստեղծի որդի Նաիրի Սահյանը ցավով նշեցին, որ տարին պաշտոնապես չհայտարարվեց սահյանական:

«Ի տարբերություն նախորդ տարիներին, այս տարի որոշ հարցեր ի վերջո լուծվեցին, բայց ցավալի է, որ կառավարության կողմից տարին սահյանական չհայտարարվեց: Շատ ուրախ ենք, որ վերջապես վերակառուցվեց նրա հայրենի գյուղի (Լոր, Սյունիքի մարզ) տունը, բայց մայրաքաղաք նրա հուշարձանը տեղադրելու հարցը այդպես էլ մնում է»,- ասաց Սոս Դավթյանը:


Նաիրի Սահյանն իր հերթին նշեց, որ հուշարձանի տեղադրման համար դիմել են քաղաքապետին և ստացել պատասխան, որ առաջիկայում պետք է զբաղվեն խնդրով, սակայն դեռևս մրցույթ չի հայտարարվել:


«Ինձ համար ներկայումս կարևոր է հենց մայրաքաղաքում հուշարձանի տեղադրումը, քանի որ երեխաները, ուսանողները հուշարձանը տեսնելուց կհետաքրքրվեն, կսկսեն կարդալ պոետին»,– ասաց նա:


«Սա ես ոչ թե որպես իր որդի եմ ասում, այլ որպես հայ: Ես ապրում եմ ԱՄՆ-ում և 2011-ին եմ եկել Հայաստան: Գալով հայրենիք՝ գիտեի, որ մի շարք դժվարություններ էի ունենալու: Ես 2.5 տարի է՝ պայքարում եմ, որ Սահյանի տուն-թանգարանը բացվի, հուշաքար ու հուշարձան տեղադրվի: Եվ, վերջապես, այս տարի է, որ կարողացանք փոքր ինչ առաջընթաց ունենալ»,-ասաց Նաիրի Սահյանը:


Նա նշեց, որ իրենց համար առաջնային խնդիրների լուծման ծրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին, որից հետո վարչապետը նախագահի կողմից հրահանգ է ստացել լուծել բոլոր խնդիրները:


«Բայց հիմա, երբ վարչապետը փոխվեց, ես վախենում եմ, որ նոր վարչապետը կասի՝ ինձ նախագահը որևէ բան չի հրահանգել, ու հարցը նորից կմնա»,- ասաց նա: