Կոլումբիացին բնակվում է ամբողջովին կավից պատրաստած տանը (լուսանկարներ, տեսանյութ)
Ճարտարապետ Օկտավիո Մենդոսան կավից տուն է պատրաստել՝ 500 քառ. մետր մակերեսով, որտեղ էլ բնակվում է:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ 64-ամյա ճարտարապետն իր տունը կառուցել է Կոլումբիայի Վիլյա դե Լեյվա լեռնային գյուղում՝ այն անվանելով Casa Terracotta կամ Casa Barro (Կավե տուն): Տղամարդն այն ամբողջությամբ կառուցել է ձեռքով՝ կավը թրծելով արևի տակ:
Տունն արտաքինից նմանվում է հսկայական կավե թմբի, որն ինչ-որ չափով խրճիթի տեսք է ստացել: Այն շրջապատված է կանաչ տարածքով՝ տեղակայված կանաչապատ լեռնալանջերի ֆոնին: Առավել հետաքրքրական տեսք է ստացել տան ինտերիերը. սենյակներն ասես լողում են՝ միահյուսվելով մեկը մյուսին:
Կավե խրճիթում հնարավոր է նաև ժամանակակից հարամարություններ գտնել՝ արևային մարտկոցներ ջուր տաքացնելու համար, զուգարանակոնք և լվացարան՝ պատված խճանկարային սալիկներով: Տունը երկհարկանի է, որտեղ տեղակայված է խոհանոցը, ննջասենյակը և հյուրասրահը: Խոհանոցի բոլոր պարագաներն ու սեղանը ևս պատրաստված են նույն նյութից՝ կավից: Մենդոսան, ով ողջ կյանքում տների և գրասենյակների դիզայններ է նախագծել, իր «կյանքի նախագծին» նվիրել է 14 տարի:

















