Պուլիտցերյան մրցանակի են արժանացել Guardian-ն ու Washington Post-ը` Սնոուդենի նյութերը հրապարակելու համար
Բրիտանական The Guardian և ամերիկյան The Washington Post պարբերականներն ապրիլի 14-ին արժանացել են հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակի, հայտնում է lenta.ru-ն:
2013թ. ամռանը հենց այս պարբերականներն են առաջինը հրապարակել ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնալսումները բացահայտող հոդվածները: Նյութերը լրագրողներին է տրամադրել ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
«Հասարակությանը ծառայելու համար» անվանակարգում մրցանակները պարբերականների ներկայացուցիչներին կհանձնվեն Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում մայիսի 5-ին:
Պուլիտցերյան հանձնաժողովը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ ԱՄՆ-ի հասարակության և կառավարության միջև անվտանգության և անձնական կյանքի վերաբերյալ երկխոսություն սկսելուն նպաստելու համար:
«Օպերատիվ ռեպորտաժ» անվանակարգում հաղթող է ճանաչվել The Boston Globe պարբերականը՝ 2013թ. Բոստոնյան մարաթոնի ընթացքում ահաբեկչությունը լուսաբանելու համար: The New York Times պարբերականը հաղթող է ճանաչվել «Օպերատիվ լուսանկար» և «Ֆոտոռեպորտաժ» անվանակարգերում: Դոննա Տարտի «The Goldfinch» վեպը ճանաչվել է լավագույն գեղարվեստական ստեղծագործություն:










