Լոնդոնում hայ հոգևոր և դասական երգի և երաժշտության երեկո է անցկացվել

10:40 • 16.04.14

Լոնդոնի հանրահայտ Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում ապրիլի 13 և 14-ին ներկայացվել է «Համերգ մոմի լույսի տակ. Արմանիա՝ հայկական երգի, պարի և բանաստեղծության ճամփաներով» խորագիրը կրող համերգային ծրագիրը, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:


Միջոցառումը նախաձեռնվել էր Լոնդոնի «Հայ հիմնարկ» մշակութային կազմակերպության և «Գլոբուս» թատրոնի համատեղ ջանքերով ու ՄԹ-ում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:


Հնչել են հայկական ժողովրդական, հոգևոր և դասական երգեր և երաժշտություն (Նարեկացի, Սայաթ Նովա, Եկմալյան, Կոմիտաս): Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվել են նաև հատվածներ ժամանակակից հայ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի ու Վաչե Շարաֆյանի ստեղծագործություններից:


Համերգին ելույթ են ունեցել լոնդոնաբնակ հայտնի հայ երաժիշտներ՝ ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, սոպրանո Թերեզա Գևորգյանը, տավիղահար Սևան Հորոքս-Հոփայանը, ինչպես նաև դերասան Քոլին Հըրլին:


Վերջինս անգլերեն թարգմանությամբ ասմունքել է Զապել Բոյաջյանի, Սայաթ Նովայի, Հովհաննես Թումանյանի, Վահան Թեքեյանի և Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններից:


Երեկոյին հատուկ հմայք է տվել Հայաստանից հրավիրված «Դուդուկներ» խմբի ելույթը: