Փոլ Ուոքերի եղբայրները կօգնեն ավարտին հասցնել «Ֆորսաժ-7»-ի նկարահանումները

23:59 • 16.04.14

Նոյեմբերի 30-ին ավտովթարի հետևանքով մահացած հոլիվուդյան դերասան Փոլ Ուոքերի փոխարեն «Ֆորսաժ-7»-ի եզրափակիչ փուլի նկարահանմանը կմասնակցեն դերասանի կրտսեր եղբայրները: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն` հղում կատարելով Fox News-ին:


Նրանք կընդգրկվեն որոշ դրվագներում, որոնցում չի հասցրել նկարահանվել ամերիկացի դերասանը: Կալեբ և Կեդի Ուոքերների մասնակցությամբ նկարահանումների մասին հայտարարությունը հրապարակվել է ֆիլմի պաշտոնական կայքում:


«Մենք վերսկսել ենք նկարահանումները: Կալեբ և Կեդի Ուոկերները համալրել են «Ֆորսաժ»-ի ընտանիքը: Նրանց մասնակցությունը ֆիլմում այնպիսի տպավորություն է ստեղծում,կարծես Փոլը դեռ կենդանի է»,-նշվել է հայտարարության մեջ:


Ֆիլմի 7-րդ մասի նկարահանումները վերսկսվել են վերջերս: Նկարահանող խումբը ժամանակավորապես դադարեցրել էր ֆիլմի նկարահանումները` դերասանի ողբերգական մահվան պատճառով:


Հեղինակները փոփոխել էին ֆիլմի սյուժեն, և լուրեր էին պտտվում, որ նրանք պատրաստվում են սպանել Փոլ Ուոքերի մարմնավորած հերոսին` Բրայան Օ'Քոներիին, սակայն տնօրենները վստահեցրել են, որ նա թողնում է իր գործը, սակայն չի մահանում: