Կարմիր բլուր հնավայրում հայտնաբերված գտածոների ցուցահանդես Երևանում
Երևան քաղաքի պատմության թանգարանի սրահում այսօր տեղի է ունեցել «Պատմության հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսում ներկայացված են Կարմիր բլուր պատմամշակութային հնավայրում հայտնաբերված գտածոները, որոնք թվագրվում են Ուրարտուի ժամանակաշրջանից մինչև մ.թ. 1-ին դար։ 40 հա տարածքով այս հնավայրը բաղկացած է նախաուրարտական բնակավայրից, միջնաբերդ ունեցող ուրարտական քաղաքից։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մ.թ.ա. 6-րդ դարից մ.թ. 1-ին դարը այն ծառայել է որպես դամբարանադաշտ։ Ցուցադրությունում ներկայացված են կենցաղային խեցեգործական ու ապակե առարկաներ, զարդեր, զենքի բրոնզե մասեր և այլն։
Տարածքը հայտնաբերվել 1939թ., առաջին պեղումներն ավարտվել են 1968թ.. դրանց ընթացքում պարզվել է նաև քաղաքի անունը, որը արձանագրությունում նշվում է Թեյշեբաինի անվամբ։
Հնավայրում պեղումների երկրորդ շրջանը սկսվել է մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափմամբ պայմանավորված ճանապարհաշինական ծրագրի արդյունքում։ Երևանի քաղաքապետարանի նախագծով այստեղ կառուցվելու է ասֆալտապատ ճանապարհ՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը, ինչպես նաև կամուրջ՝ Հրազդանի կիրճի լայնությամբ:«Ճանապարհի կառուցումը դարձավ պատճառ, որ հայտնաբերվի Կարմիր բլրի դամբարանադաշտը։ Նախագիծը փոխըմբռնման եղանակով է արվում, որպեսզի և՛ քաղաքը շահի, և՛ մեր պատմամշակութային արժեքները վերհանվեն ու ևս մեկ անգամ ներկայացվեն հանրությանը, աշխարհին»,-նշել է բացմանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և հավելել, որ ճանապարհի կառուցումը նաև մեխանիկորեն կսահմանափակի Կարմիր բլրին հարակից գերեզմանի ընդլայնումը։











