Ֆրանսուա Օլանդը պարզապես վախկոտ է և անտաշ. Սոֆի Մարսո

10:40 • 16.04.14

Ֆրանսիացի դերասանուհի 47-ամյա Սոֆի Մարսոն չի թաքցրել իր հույզերը, երբ ֆրանսիական GQ ամսագրին տված հարցազրույցի ընթացքում նրան հարցրել են, թե ինչ կարծիք ունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասին, գրում է «Комсомольская правда»-ն։

 

«Օլա՞նդը։ Նա վախկոտ է և անտաշ»,- բացականչել է դերասանուհին։

Նման խիստ գնահատականի պատճառը Ֆրանսուա Օլանդի վարքն է հունվարին տեղի ունեցած սկանդալի ժամանակ։ Մարսոյին հատկապես բարկացրել է այն, թե ինչպես է նախագահը վարվել իր քաղաքացիական կնոջ՝ Վալերի Տրիերվեյլերի հետ։ Այն բանից հետո, երբ ամբողջ երկիրն իմացավ դերասանուհի Ժյուլի Գայեի հետ նախագահի գաղտնի սիրավեպի մասին, վերջինս նրան լքեց։ Ընդ որում՝ այնպես, ինչպես կարող էր վարվել միայն վախկոտը և անտաշը, այլ ոչ իրական տղամարդը։

 

«Նա սիրուհիներ ունի։ Երբ այդ մասին հայտնի դարձավ, նա դադարեց խոսել նրանցից մեկի հետ։ Տղամարդը, ով իրեն այդպես է պահում կանանց հանդեպ, անտաշ է և վախկոտ։ Ես նրա օգտին չեմ քվեարկել»,- ասել է Սոֆի Մարսոն։

 

Դերասանուհին չի թաքցնում, որ մինչ սկանդալը մի փոքր խղճացել է Օլանդին, սակայն սկանդալից հետո նրա վարքը «սպանել» է ամեն տեսակ կարեկցանք նախագահի հանդեպ, ում հեղինակությունն ընկել է երկրի ամբողջ պատմության ընթացքում ռեկորդային ցածր մակարդակի՝ 18%։