Առինջի խաչքարերի խնդիրը մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում է. նախարարության գրավոր պատասխանը

22:22 • 17.04.14

Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող խաչքարերի դաշտում ստեղծված իրավիճակի մասին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը գրավոր դիմել է ոստիկանություն, հանդիպել Առինջ համայնքի ղեկավարին: Tert.am-ի հարցմանը գրավոր պատասխանում նշել են ՀՀ մշակույթի նախարարությունից:

 


Հիշեցնենք, որ վերջերս հնագետ Համլետ Պետրոսյանն իր Facebook-յան էջում հրապարակել էր լուսանկարներ, որտեղ պատկերված են կոտրտված խաչքարերը, չորս բոլորը թափված քարերն ու նոր գերեզմանները:


 

Հարցերին՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ ինչ միջոցներ է ձեռնարկում մշակույթի նախարարությունը և ինչու է թույլ տրվում, որ տարածքը վերածվի գերեզմանոցի, նախարարությունից նախ՝ նշել են, որ Առինջ համայնքի 5-20-րդ դարերի պատմական գերեզմանոցի տարածքում նոր գերեզմանոցի պարսպապատման, տնտեսական աղբի կուտակման փաստը Կամո Հակոբյանի կողմից վերջին անգամ արձանագրվել էր ապրիլի 10-ին, այսինքն՝ մինչ համացանցում տեղեկության տարածումը:

 

«Նոր հուղարկավորության նմանատիպ մի դեպք էլ արձանագրվել էր 2013 թ. սեպտեմբերին: ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայության պետը գրություններով դիմել էր համայնքի ղեկավարին, ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետին` խնդրելով միջոցներ ձեռնարկել պահպանական գոտու տարածքում նոր հուղարկավորությունները կանխելու համար: Իրավապահների կողմից, սակայն, դա չէր դիտվել որպես ապօրինի հողազավթում, քանի որ քաղաքացիները պնդել են, թե հուղարկավորությունները կատարվել են ընտանեկան գերեզմանոցում»,-նշել են նախարարությունից՝ հավելելով, որ տարածքում կատարվող նոր հուղարկավորությունների խնդիրը սկիզբ է առել 2011 թվականից, ինչի վերաբերյալ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունն իր իրավասությունների շրջանակում և օրենքով սահմանված կարգով իրավախախտումների դեպքերով ահազանգել է իրավապահներին և ՏԻՄ մարմիններին:

 


«Առինջի գերեզմանոցի պահպանական գոտին ՀՀ մշակույթի նախարարի կողմից հաստատվել է 2011 թ. նոյեմբերի 18-ին: ՀՀ պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է ՏԻՄ մարմինների իրավասությունը, որով, մասնավորապես, ՏԻՄ մարմիններն աջակցում են պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների պահպանությանը, օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում են շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վտանգում են կամ կարող են վտանգել հուշարձանի և դրա պահպանական գոտու անվթարությունը և այդ մասին տեղեկացնում են լիազոր մարմնին»,-նշվել է նախարարության գրավոր պատասխանում: