Մերձդնեստրի բնակչությունը պետք է ինքը որոշի իր ճակատագիրը. Պուտին (տարբերակ 12)

11:59 • 17.04.14

16.10  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ուղիղ կապը» ռուսաստանցիների հետ ավարտվեց։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այն տևել է 3 ժամ 56 րոպե 1 վայրկյան։

 


13.33 Ամենամյա «ուղիղ գծի» շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարց է ուղղվել, թե արդյոք չի՞ պատրաստվում զորք մտցնել Ուկրաինայի հարավ-արևելք, ինչին նա պատասխանել է, որ պետք չէ ընկնել էյֆորիայի մեջ։

 

«Հիշեցնում եմ, որ ՌԴ Դաշնային խորհուրդն իրավունք է տվել օգտագործել ՌԴ Զինված ուժերն Ուկրաինայում, բայց հուսով եմ, որ ստիպված չեմ լինի օգտվել զորքեր մտցնելու Դաշնային խորհրդի տված այդ իրավունքից»,- ասել է նա: Պուտինը խոստացել է նաև «անել հնարավորն» Ուկրաինայի արևելքի բնակիչների համար՝ պաշտպանելու իրենց իրավունքները և ինքնուրույն որոշելու իրենց ճակատագիրը:

 

Պուտինին հարցրել են նաև Մերձդնեստրի մասին: Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է անմիջապես հանել Մերձդնեստրի շրջափակումը: Պուտինը նշել է նաև, որ Մերձդնեստրի բնակչությանը պետք է իր կամքն ազատ արտահայտելու և ճակատագիրը որոշելու հնարավորություն տան: «Այդ հարցի շուրջ պետք է աշխատի ողջ միջազգային հանրությունը»,- ասել է նա:

 


12.53  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Վիկտոր Յանուկովիչն իրականացրել է իր պարտքն իբրև Ուկրաինայի նախագահ, ինչպես անհրաժեշտ և հնարավոր է համարել, և ասել է, որ քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հրաման չի տվել։

Ռուսաստանի նախագահը կարծում է, որ չի կարելի ստորացնել մարտիկներին, որոնք կատարում են իրենց պարտքը՝ պաշտպանելով պետությունը։ Նա վստահ է, որ «Բերկուտ» հատուկ ջոկատին, ի վերջո, շնորհակալ կլինեն։

 


12.43  Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալու միակ ելքը կողմերի երկխոսության ճանապարհն է՝ առանց ուժի կիրառման. հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
«Արևելքում խոսում են դաշնայնացման մասին, իսկ Կիևում՝ ապակենտրոնացման։ Իսկ ի՞նչ է թաքնված այդ խոսքերի հետևում։ Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և հասկանալ, թե ինչի մասին է խոսքը»,- կարծում է Պուտինը։
Վերջինիս համոզմամբ՝ միայն երկխոսության արդյունքում՝ դիվանագիտական գործընթացների ընթացքում, այլ ոչ ուժի, տանկերի և ավիացիայի կիրառմամբ է հնարավոր երկրում կարգուկանոն հաստատել։

 


12.40 «Մենք պետք է միջոցներ ձեռնարկեինք, որպեսզի իրադարձությունները չզարգանային այնպես, ինչպես այժմ զարգանում են Ուկրաինայի հարավ-արևելքում: Այդ պատճառով Ղրիմի ինքնապաշտպանության թիկունքին, իհարկե, կանգնել են մեր զինծառայողները: Այլ կերպ բաց և արդար հանրաքվե անցկացնել հնարավոր չէր»,- այս մասին «ուղիղ գծի» շրջանակներում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 


12.30  Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Ուկրաինան վաղ թե ուշ կհասկանա, որ Ռուսաստանը Ղրիմի հարցում այլ կերպ չէր կարող վարվել: Այս մասին նա ասել է «ուղիղ գծի» շրջանակներում, ինչին ի պատասխան Սևաստոպոլում Պուտինին հարց տալու համար հավաքված քաղաքացիները ծափահարել են և վանկարկել «Շնորհակալ ենք»:

 


12.28  Վլադիմիր Պուտինը վստահ է, որ միջազգային հարաբերությունների շրջանակներում հնարավոր կլինի փոխըմբռնման հասնել Ուկրաինայի հետ։ «Ռուսաստանը միշտ եղել է և կմնա Ուկրաինայի կողքին։ ՌԴ-ի օգնությունը Ուկրաինային արդեն միլիարդավոր դոլարներ է կազմել»,- «ուղիղ գծի» շրջանակներում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 


12.23 Սևծովյան նավատորմի նավերի զգալի մասը Նովոռոսիյսկից կտեղափոխվի Սևաստոպոլ։ Ամենամյա «ուղիղ գծի» շրջանակներում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
 


12։18 Ամենամյա «ուղիղ գծի» շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում բոլորն աջակցել են Ղրիմի հարցով որոշմանը, սակայն որոշում կայացնելու համար վճռորոշ են  դարձել թերակղզում անցկացված հանրաքվեի արդյունքները։ Հիշեցնենք, որ հանրաքվեն անցկացվել է մարտի 16-ին։

 


12.15  Ամենամյա «ուղիղ գծի» շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթ է որակել բոլոր խոսակցություններն այն մասին, թե Ռուսաստանի «մատն է խառը» Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններում։

 


12.12 Կիևյան իշխանությունները լուրջ հանցագործություն են իրականացրել՝ քաղաքացիական բնակչության դեմ տանկեր և ավիացիա դուրս բերելով։ Ամենամյա «ուղիղ գծի» շրջանակներում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 


 

12:08 Ուկրաինայում Վիկտոր Յանուկովիչի որոշումից հետո՝ կասեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը, տեղի ունեցավ հակասահմանադրական հեղաշրջում և իշխանության զինված գրավում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 


11.59

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա «ուղիղ գծի» շրջանակներում կշփվի ՌԴ քաղաքացիների հետ և ուղիղ եթերում կպատասխանի նրանց հարցերին։

Առաջին անգամ դրան մասնակցում են նաև ռուսական նոր շրջանի՝ Ղրիմի բնակիչները։

 

Պուտինի «շփումը» հեռարձակվում է «Первый», «Россия 1», «Россия 24» հեռուստաընկերությունների և «Маяк», «Вести FM» և «Радио России» ռադիոկայանների ուղիղ եթերում։


«Ուղիղ գծի» մեկնարկից մեկ ժամ առաջ գրանցված է եղել մոտ 2.5 մլն հարց։


Ծրագրի կազմակերպիչները Интерфакс գործակալությանը տեղեկացրել են, որ ստացվել է ավելի քան 1 մլն 800 հազար հեռախոսազանգ և 346 հազար կարճ հաղորդագրություն։ «Զանգերն ու հաղորդագրությունները շարունակում են ստացվել, և այդ թվերը պարբերաբար փոփոխվում են»,-ասել են կազմակերպիչները։ 

 

Առաջին հեռուստատեսային ասուլիսը Պուտինն ունեցել էր իր նախագահական առաջին տարում՝ 2001թ.-ի դեկտեմբերի 24-ին, իսկ վերջինը կայացել է 2013թ.-ի ապրիլի 25-ին։

 

Շփման ընթացքում պետության ղեկավարը կպատասխանի ռուսներին հետաքրքրող հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներին, ինչպես նաև միջազգային դրությանն առնչվող հարցերի։