Համայնքապետերը գրադարաններին լավ չեն նայում. Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով գրադարանների խնդիրների և անելիքների մասին, ասաց, թե տարին սկսել են բավական ակտիվ կյանքով և այս տարվա ընթացքում հիմնական շեշտադրումը լինելու է գրատպության թանգարանի բացումը, որի համար նյութեր են հավաքվում:
«Բացումը նախատեսվում էր մայիսին՝ «գրադարանային շաբաթ» միջոցառումների շրջանակում, սակայն չենք հասցնի և գրատպության թանգարանի բացումը կլինի աշնանը»,-տեղեկացրեց Տիգրան Զարգարյանը:
Շարունակելով խոսել գրադարանների մասին, բանախոսն ասաց, թե մարզերում մեծ աշխատանք կա անելու: «Ահռելի խնդիրներ կան համայնքներում: Եկող տարի հատուկ և մեծ ուշադրություն ենք դարձնելու համայնքային գրադարաններին: Համայնքային բոլոր գրադարաններն ունեն գրականության համալրման խնդիր: Համայնքապետերը գրադարաններին լավ չեն նայում, ասելով, թե ավելի կարևոր և գլոբալ խնդիրներ ունեն»,- ասաց Տիգրան Զարգարյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ կարևոր քայլը Ցեղասպանության մասին գրականության հավաքագրումն է և նախատեսվում է 100-ամյակին ընդառաջ մեծ ցուցադրություն կազմակերպել. «Աշխատում ենք ինչ հնարավոր է՝ ձեռք բերել: Այն ժամանակվա մամուլի արձագանքներին էլ ենք անդրադառնում»:










