Ատոմ Էգոյանի նոր ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում (տեսանյութ)
Կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի վերջին աշխատանքը՝ «Գերիները» գեղարվեստական ֆիլմը, կցուցադրվի Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում, հայտնում է Asbarez-ը:
Կաննի 67-րդ կինոփառատոնում Էգոյանի աշխատանքը կպայքարի գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու ճյուղի» համար:
Էգոյանը երկու այլ ռեժիսորների՝ Դեյվիդ Կրոնենբերգի և Քսավիե Դոլանի հետ կներկայացնի Կանադան՝ միանգամից 3 ֆիլմով, ինչն աննախադեպ է:
Վերջին անգամ Էգոյանը Կաննում հանդես էր եկել 2008-ին իր «Երկրպագություն» ֆիլմով: Նոր ֆիլմի առիթով Էգոյանն ասել է, որ ուրախ է վերադառնալ Կաննի մրցութային ծրագիր և որ դա պատիվ է:
Մինչ այդ Էգոյանն ավանդաբար համարվում էր Կաննի ֆավորիտ ռեժիսորներից:
«Գերիները» հոգեբանական թրիլեր է, որը ներկայացնում է մի ընտանիքի կյանքը այն բանից հետո, երբ նրա անդամն առևանգվում է:
Կաննի կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-25-ը։










