Առաջին անգամ Ձկան փառատոն՝ Աբովյանում. կներկայացվեն նոր և ավանդական բաղադրատոմսերով ուտեստներ

14:44 • 18.04.14

Առաջին անգամ Զատկին ընդառաջ կանցկացվի Ձկան փառատոն, որտեղ կներկայացվեն ինչպես ավանդական, այնպես էլ նոր ձկնային կերակրատեսակներ: Փառատոնը կմեկնարկի վաղը՝ ապրիլի 19-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

Փառատոնին ընդառաջ այսօր կայացած ասուլիսին կազմակերպիչներից Տիգրան Ղազարյանը ներկայացնելով փառատոնի գաղափարը՝ նշեց, որ ձուկն ինքնին քրիստոնեության խորհրդանիշ է: Բացի այդ Հայաստանում բավականին սակավ է ջրային ավազանը, և այսօր հայկական խոհանոցում կարծես թե կաղում է ձկից պատրաստված կերակուրների տեսականին. փառատոնի հիմնական նպատակներից մեկն է՝ մասսայականացնել ձկնատեսակներից պատրաստվող ուտեստների նոր բաղադրատոմսերը:

«Մյուս գոտին մշակութային գոտին է, և մենք բավականին սերտ համագործակցում ենք Աբովյանի քաղաքապետարանի հետ: Տնտեսական գոտում էլ գյուղացիները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ապրանքները, իսկ վերջում արդեն մրցութային փուլը կլինի»,-ներկայացրեց նա։

Աբովյանի քաղաքապետարանի Կրթության ու մշակույթի բաժնի վարիչ Հերմինե Ադամյանն էլ նկատեց, որ փառատոնի գաղափարը քաղաքապետարանում բավականին ոգևորությամբ է ընդունվել, և իրենք վստահություն ունեն, որ դա կդառնա լավ ավանդույթ:

«Փառատոնի գեղարվեստական հատվածը կլինի բավականին հագեցած, կա նաև առանձնացված գեղարվեստական գոտի, որտեղ կկայանա մեծ ցուցահանդես: Ամեն ինչ պատրաստ է, մնում է գալ, մասնակցել, և հաճույք ստանալ»,-ասաց նա:

Այնտեղ նաև կներկայացվի նորույթ. հանրության ուշադրությանը կներկայացնեն արևային սարք, որով պատրաստվում են ձկնային կերակուրներ: