Կատրին Դենյովն ու Սոֆի Մարսոն վիճել են Օլանդի պատճառով

10:49 • 18.04.14

Ֆրանսիայի հայտնի դերասանուհիներ Կատրին Դենյովը և Սոֆի Մարսոն վիճել են նախագահ Ֆրանսուա Օլանդի պատճառով։ Իհարկե, նրանք չեն սիրահարվել նախագահին. դերասանուհիների կարծիքները տարբերվում են նրա մարդկային որակների և հատկապես նախագահի վարքի վերաբերյալ վերջերս տեղի ունեցած սկանդալի պատճառով, որի կենտրոնում իրենց գործընկերուհի Ժյուլի Գայեն էր հայտնվել, հայտնում է «Комсомольская правда»-ն։

 

GQ ամսագրին տված հարցազրույցի ընթացքում 47-ամյա Սոֆի Մարսոն Օլանդին անվանել էր «վախկոտ և անտաշ», քանի որ նա խաբել է իր քաղաքացիական կնոջը՝ Վալերի Տրիերվեյլերին։ Իսկ 70-ամյա Դենյովը պաշտպանել է նախագահ Օլանդին և Սոֆիին անվանել «շատ կոպիտ»։

 

Դերասանուհու մեղադրանքում, իհարկե, ճշմարտություն կա, քանի որ Սոֆին իր ամբողջ կյանքում ասում է այն, ինչ մտածում է, և հաճախ իր անկեղծության պատճառով հայտնվում է տհաճ իրավիճակներում։

 

«Ես դա համարում եմ կոպիտ, շատ կոպիտ։ Ինձ ապշեցնում է այն, թե ինչպես են մարդիկ հեշտությամբ խոսում հանրապետության նախագահի մասին։ «Վախկոտ և անտաշ»։ Կարելի է մտածել, թե նա խոսում է իր լավագույն ընկերուհու ամուսնու մասին։ Դա անհավանական է։ Ես երբեք այդպես չէի արտահայտվի նախագահի մասին՝ անկախ նրանից՝ աջակցում եմ նրան, թե ոչ»,- ասել է Դենյովը։

 

Դերասանուհիների վեճին միացել է նաև ֆրանսիական կինոյի մեկ այլ աստղ՝ Շառլոտա Վալանդրեն, ով մտերիմ է նախագահի նախկին ընկերուհու հետ, և կարծում է, որ Վալերիին ստորացրել և վիրավորել են։ Երբ Շառլոտային հարցրել են, թե ինչ է մտածում Սոֆի Մարսոյի՝ Օլանդի մասին արտահայտած կարծիքի վերաբերյալ, նա լիովին աջակցել է ընկերուհուն։ Վալանդրեն նույնպես կարծում է, որ Օլանդի պահվածքը հարիր չէ իրական տղամարդուն և ջենթլմենին։