Եթե գրող չդառնայի, կցանկանայի դաշնակահար դառնալ. այդպես կօգնեի սիրահարներին ավելի ուժգին սիրել միմյանց. Մարկեսի կյանքի կանոնները

22:06 • 18.04.14

Հանրահայտ կոլումբիացի արձակագիր Գաբրիել Գարսիա Մարկեսը, ով վերջին ժամանակներում տառապում էր թոքերի բորբոքմամբ, մահացել է կյանքի 88-րդ տարում:


Մարկեսի գրչին են պատկանում այնպիսի հայտնի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Հարյուր տարվա մենությունը», «Պատրիարքի աշունը» և «Գնդապետին ոչ ոք չի գրում»: Հայտնի գրողը 1982-ին դարձել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր:


Ի հիշատակ մեծն արձակագրի Bigpicture.ru-ն ներկայացնել է Մարկեսի կյանքի կանոնները, որոնք հրապարակվել են Esquire ամսագրում:


1. Ես միշտ ցանկացել եմ սերիալներ ստեղծել: Ինձ նման մարդկանց համար, ովքեր ցանկանում են, որ իրենց սիրեն իրենց արածների համար, սերիալն առավել արդյունավետ է, քան վեպը:


2. Մենք պետք է պայքարենք լեզվի քարացման դեմ: Այնպիսի բառերը, ինչպիսիք են՝ «ժողովուրդ» կամ «ժողովրդավարություն», կորցրել են իրենց նշանակությունը: Յուրաքանչյուրը, ով կարող է ընտրություններ կազմակերպել, իրեն դեմոկրատ է համարում:


3. Ես փորձել եմ հեքիաթներ գրել, բայց ոչինչ չի ստացվել: Ես դրանցից մեկը ցույց եմ տվել իմ տղաներին, երբ նրանք դեռ փոքր էին: Նրանք ինձ վերադարձրին գրվածքը` ասելով. «Հայրիկ, կարծում ես՝ երեխաներն ընդհանրապես հիմա՞ր են»:


4. Ես փորձում են կանխել տհաճ անակնկալները: Նախընտրում եմ աստիճանները շարժասանդուղքին, և ցանկացած բան` ինքնաթիռներին:


5. ԱՄՆ-ն խոշոր գումարներ է ներդնում Լատինական Ամերիկայում, սակայն նրան չի հաջողվել անել այն, ինչ մենք արել ենք առանց որևէ գրոշի: Մենք փոխում ենք նրանց լեզուն, երաժշտությունը, կերակուրը և սերը, նրանց մտածելակերպը: Մենք ազդում ենք Միացյալ Նահանգների վրա այնպես, ինչպես նրանք կցանկանային ազդել մեզ վրա:


6. Մարմնավաճառներն իմ ընկերներն են եղել, երբ ես երիտասարդ էի: Ես նրանց մոտ գնում էի ոչ թե սիրով զբաղվելու, այլ՝ մենությունից ազատվելու համար: Ես միշտ ասել եմ, որ ամուսնացել եմ միայնակ չնախաճաշելու համար:


7. Եթե որևէ գործում ներգրավված է կինը, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ինձ համար միանշանակ պարզ է, որ կանայք են կառավարում կյանքը:


8. Միակ բանը, որ կանայք չեն ներում, դավաճանությունն է: Եթե միանգամից հստակեցնես խաղի կանոնները, ինչպիսին էլ որ դրանք լինեն, կանայք սովորաբար հասկանում են դրանք, սակայն տանել չեն կարողանում, երբ կանոնները փոխվում են խաղի ընթացքում: Այդ դեպքում նրանք անողոք են դառնում:


9. Մի անգամ Կուբայում բանավեճ եմ ունեցել գրականագետների հետ: Նրանք ասում էին. ««Հարյուր տարվա մենությունը» արտասովոր գիրք է, սակայն լուծումներ չի առաջարկում»: Ինձ համար դոգմա է. իմ գրքերը նկարագրում են իրավիճակը, դրանք չպետք է լուծումներ առաջարկեն:

 

10. Եթե ես գրող չդառնայի, կցանկանայի դառնալ բարի դաշնակահար. այդպես ես կօգնեի սիրահարներին՝ ավելի ուժգին սիրել իրար: