«Հրաժեշտի նամակի» հեղինակը Մարկեսը չէ
Պերուական թերթերից մեկում 14 տարի առաջ հայտնվեց «Տիկնիկ» պոեմը, որն անվանում էին նաև կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի հրաժեշտի նամակը, գրում է «Комсомольская правда»-ն։
Տեքստն անկեղծ է, ի սրտե։ Այն այնպես է հուզել հասարակությանն իր զգացմունքայնությամբ, որ մարդիկ անգիր են անում առանձին հատվածներ։ Իսկ որոշ մասեր օգտագործվում են առօրյա կյանքում՝ վերածելով այն թևավոր խոսքերի։
Սակայն բոլորովին վերջերս պարզվել է, որ այդ ստեղծագործության հեղինակը ոչ թե համաշխարհային ճանաչում ունեցող գրողն է, այլ մեքսիկացի որովայնախոս Ջոնի Ուելշը։ Եվ այդ ստեղծագործությունը նա նվիրել է ոչ թե ողջ մարդկությանը, այլ ընդամենն իր տիկնիկին։
Հետագայում սխալմունքի փաստն ընդունել են երկուսն էլ, այդ մասին հայտնել են նաև գրողի պաշտոնական կայքում։ Իսկ թե ինչու է Ուելշի ստեղծագործության տակ հայտնվել Մարկեսի անունը, այդպես էլ անհայտ է մնացել։
Ինչևէ, «Մարկեսի հրաժեշտի նամակը» լայնորեն տարածվել է, շատերը հիմա էլ հավատում են, որ նամակի հեղինակը հենց Մարկեսն է։
«Մարկեսի հրաժեշտի նամակը».
«Եթե Աստված մի պահ մոռանար, որ ես հասարակ լաթե տիկնիկ եմ և տար ինձ ևս մի քիչ կյանք, հավանաբար ես չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ: Ես ավելի շատ կմտածեի խոսելուց առաջ:
Ես քիչ կքնեի և շատ կերազեի` գիտակցելով, որ փակ աչքերով մեր ամեն մի րոպեն` վաթսուն վայրկյան լույսի կորուստ է:
Ես կչափեի իրերը ոչ թե նրանց արժեքով, այլ նրանց կարևորությամբ:
Ես կքայլեի, երբ ուրիշները կանգնած են, ես կարթնանայի, երբ ուրիշները քնած են և ես կլսեի, երբ ուրիշները խոսում են:
Իսկ ինչպե՜ս ես կվայելեի շոկոլադե պաղպաղակը:
Եթե Աստված ինձ մի քիչ կյանք տար, ես պարզ կհագնվեի և կնետվեի արևի առաջին իսկ ճառագայթների տակ՝ մերկացնելով ոչ միայն մարմինս, այլ նաև հոգիս:
Աստված իմ, եթե ես սիրտ ունենայի, ես կփակեի իմ ողջ ատելությունը սառույցի մեջ և կսպասեի մինչև արևը դուրս գա: Երազելով Վան Գոգի պես` ես կնկարեի աստղերի տակ, Բենեդետիի պոեզիայով և Սերրայի երգը կլիներ իմ սերենադը լուսնին:
Ես կջրեի վարդերը իմ արցունքներով` զգալու համար նրանց փշերի ծակոցն ու նրանց թերթիկների համբույրը: Աստված իմ, միայն եթե ես մի քիչ կյանք ունենայի…
Ես բաց չէի թողնի ոչ մի օր, առանց ասելու սիրելի մարդկանց, թե ինչքան եմ ես նրանց սիրում:
Ես կհամոզեի յուրաքանչյուր կնոջն ու տղամարդուն, որ ես նրանց սիրում եմ և ես կապրեի սիրով սիրահարված:
Ես կապացուցեի մարդկանց, թե ինչպես են նրանք սխալվում կարծելով, որ ծերանալով այլևս չեն կարող սիրել` առանց գիտակցելու, որ նրանք ծերանում են` դադարելով սիրել:
Երեխային ես թևեր կտայի, բայց կթողնեի, որ նա ինքը սովորի թռչել:
Ծերերին ես կսովորեցնեի, որ մահը գալիս է ոչ թե ծերանալուց, այլ մոռանալուց:
Ես այնքա՜ն շատ բան եմ սովորել ձեզանից, մարդիկ:
Ես իմացա, որ բոլորն են ուզում ապրել լեռան գագաթին` առանց գիտակցելու, որ իսկական երջանկությունը գտնվում է դեպի վեր բարձրանալու ճանապարհին:
Ես իմացա, որ երբ նորածինը իր փոքրիկ ձեռքերով առաջին անգամ բռնում է հոր մատը, նա բռնում է այն ընդմիշտ:
Ես իմացա, որ մարդն իրավունք ունի վերևից նայել մեկ այլ մարդու, եթե միայն նա ուզում է օգնել նրան կանգնել:
Ես այնքան շատ բան սովորեցի ձեզանից մարդի՛կ, բայց դրա մի մասը այդպես էլ չեմ կարող օգտագործել, քանի որ լցնելով ճամպրուկը դրանցով, ես պետք է հեռանամ»։










