Հարգելի Գաբո. ինչպես են Մարկեսի մահվանն արձագանքել Օբաման, Շակիրան և այլ հայտնիներ
Լատինամերիկյան գրականության վարպետ կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի մահվան մասին լուրից անմիջապես հետո արձագանքել են նրա հայրենակից երգչուհի Շակիրան, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և այլք:
Huffington Post-ն ի մի է բերել ամենա-ամենա tweet-ները, որոնցում հայտնի մարդիկ սգում են Մարկեսի մահը:
Շակիրան մասնավորապես գրել է «Հարգելի Գաբո, մի առիթով Դուք ասել եք, որ կյանքն այն չէ, ինչ մարդ ապրում է, այլ այն, թե ինչպես է նա հիշում ու վերապատմում դա... Ձեր կյանքը, հարգելի Գաբո, բոլորիս կողմից կհիշվի իբրև եզակի ու բացառիկ պարգև և ամենից յուրատիպ պատմություն: Ձեզ հրաժեշտ տալը բարդ է՝ այն ամենով հանդերձ, որ տվել եք մեզ: Դուք միշտ կլինեք իմ ու բոլոր նրանց սրտերում, ովքեր սիրել ու հիացել են ձեզնով: Շակ»:
Շակիրան կատարել էր Մարկեսի «Սեր խոլերայի ժամանակ» վեպի էկրանավորման սաունդթրեքը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գրել է, որ աշխարհը կորցրեց իր ամենամեծ ֆանտազյոր գրողներից մեկին: Օբաման ասել է, որ Մարկեսն իր ամենասիրած գրողներից է՝ երիտասարդության շրջանից:
Իրենց վիշտն են հայտնել նաև Նյու Յորքի քաղաքապետը, իսպանացի ֆուտբոլիստ Խուան Մատան, ամերիկացի դերասան Ջեյմս Ֆրանկոն։
Նաև Twitter-ում Gabo-ն (ինչպես հաճախ անվանում էին Մարկեսին) թրենդային թեմա է դարձել՝ #GraciasGabo (ThankYouGabo) հեշթեգով:










