Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը

09:36 • 20.04.14

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի հարությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Սուրբ Զատիկը: «Քրիստոս հարյավ ի մեռելոց», «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի». այսպես են հայ քրիստոնյաները տոնի առթիվ շնորհավորում իրար՝ ավետելով Փրկչի հարությունը:

 
«Քրիստոսի ծննդյան և մարմնացման ամբողջ գալիք իրադրությունները հանգուցալուծվում են հարության մեջ: Կարևոր է այն, որ հարության միջոցով մահը խորտակվեց, և հարության ավետիսները սփռվեցին ամբողջ մարդկության մեջ՝ աշխարհի չորս ծագերում: Հարության տոնը հավիտենական կյանքի գաղափարն է: Վերջապես Պողոս առաքյալն ասում է՝ «Եթե Հարության Քրիստոսը չքարոզենք մենք, մեր քարոզը ունայն է», այսինքն՝ ոչինչի պետք չէ», Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեր Շահե քահանա Հայրապետյանը:



Տեր Շահեն ընդգծեց, որ նրանք, ովքեր ընդհանրապես մերժում են Քրիստոսի հարությունը, նմանվում են մարդկանց, ում հավաքտը զրոյական է:


Անդրադառնալով տոնը խորհրդանշող կարմիր ձվին, որը, սովորաբար, դրվում է հավատացյալների սեղանին, նա նշեց, որ Քրիստոսը խաչվեց, իր արյունը թափեց, ու արյան գնով ողջ ժողովուրդը փրկվեց:


 
«Մարդն անիծված էր Ադամի մեղքի պատճառով: Մարդու անեծքը Քրիստոս գամեց փայտին: Դրա համար մենք ասում ենք՝ կենդանի աստվածությամբ ինքը գամվեց, անբաժանելի աստվածությամբ դրվեց գերեզման: Այսինքն՝ Քրիստոսի խաչելությամբ և արյան կաթիլով ողջ տիեզերքը փրկվեց: Արյան գույնով են ներկում ձուն, իսկ հենց ձուն տիեզերքի խորհուրդն ունի՝ արտաքին կեղևը նման է երկնքին, դեղնուցն էլ՝ երկրին»,- բացատրեց նա:


 
Տեր Շահեն նաև նշեց, որ հայ քրիստոնյաները պետք է մասնակցեն պատարագին, հաղորդություն ստանան, որից հետո նստեն զատկական սեղանների առաջ և տոնեն Սուրբ հարության տոնը:


Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի պաշտոնական կայքը, անդրադառնալով տոնին, նշում է. «Մեր ժողովրդի կենցաղում ևս մի սովորույթ է ընդհանրացել, որն անհարկի է ու անընդունելի. եթե ընտանիքում մինչև Սուրբ Զատիկ որևէ մեկը մահանում է, ապա այդ տանը ձու չի ներկվում, իսկ օջախի անդամներն էլ չեն մասնակցում Տիրոջ Սուրբ Հարության հոգենորոգ ուրախություններին (հիրավի, սա ո´չ թե հանգուցյալի նկատմամբ հարգանքի արտահայտություն է, այլ՝ անգիտության հետևանք): Մինչդեռ, քանի որ ձուն հարության, նորոգության ու կյանքի հավերժության խորհրդանշան է, առավելաբար պիտի ներկվի հենց հարազատին հուղարկավորած ընտանիքում՝ ի նշան ննջեցյալի հոգու անմահության և այն բարի հույսի, որ հարուցյալ Փրկչի ողորմությամբ ու գթությամբ իրենց արյունակից բարեկամը ևս հարություն է առնելու և արժանանալու արդարների հատուցմանը»: