Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին համերգ կտա Հայաստանում
Ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին բացառիկ համերգ կտա Հայաստանում: Այս մասին նա գրել է իր ֆեսյբուքյան էջում:
Աշխարհահռչակ երգիչը վերջին անգամ համերգով հանդես է եկել մարտի 15-ին`Թել Ավիվում:
Այս տարի Շառլ Ազնավուրը կդառնա 90 տարեկան:
Ավելի վաղ tert.am-ը տեղեկացրել էր աշխարհահռչակ շանսոնյեի մեկ այլ համերգի մասին: Royal Albert Hall-ում (Մեծ Բրիտանիա) հոկտեմբերին կայացած լեփ-լեցուն համերգից հետո Շառլ Ազնավուրը Լոնդոնում կրկին բեմ կբարձրանա հրաժեշտի համերգի համար, որով կնշի իր 90-ամյա տարեդարձը:
Համերգը տեղի կունենա 2014 թ. հունիսի 1-ին։
60 տարվա կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրը վաճառել է 100 միլիոնից ավելի ալբոմ և ունի 1.200-ից ավելի երգ: Նա խաղացել է 80 ֆիլմերում և ողջ աշխարհում հազարավոր համերգներ ունեցել:










