Կամերային նվագախումբը կկատարի Մխիթարյան միաբանության ‹‹Այտընեան-Բէօմ›› պատարագը
Հայաստանում այսօր առաջին անգամ կհնչի Վիեննայի Մխիթարյան վանքի ‹‹Այտընեան-Բէօմ›› պատարագը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Համերգը կղեկավարի Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարիտիրոսյանը:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին համերգի մասին առավել մանրամասն խոսեցին Հայր Պողոսը, Հայր Նարեկն ու Վահան Մարիտիրոսյանը։
Հայր Պողոսը ներկայացրեց պատարագի ստեղծման պատմությունը.‹‹Այտընեան Վիեննայի վանքում հնչեցրած պատարագները մշակվել են, ապա Վայսի օգնությամբ վերածվել խառը երգչախմբի համար քառաձայնի: Իսկ հետո Յոզեֆ Բէօմը ավելացրել է նվագախմբի բաժինը`լարային, փողային և հարվածային գործիքներով››:
Հայր Նարեկն իր հերթին պատմեց, որ ծանոթ չէին այս երաժշտական մեծ արժեք ներկայացնող պատարագին ու հասկացել են, որ մեծ գործի առջև են կանգնած:
«Ցանկանում ենք ներկայացնել հայությանը: Պատարագը նաև ձայնագրվել է , բայց ձայնասկավառակը դեռ թողարկված չէ: Եկանք Հայաստան ու որոշեցինք պատարագով սգալ Ապրիլի 24-ը››,- պատմում է Հայր Նարեկը:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարիտիրոսյանը նույնպես ասաց, որ այս պատարագին ծանոթ չէր, բայց կարծում է`մոտ «հարյուր տարի քնած այս պատարագը այսօրվանից սկսած կհնչի ու բոլորը կհասկանան սրա հոգևոր արժեքը»:
«Այն շատ պրոֆեսիոնալ է կառուցված: Մեր երգչախումբը կամերային է և հաճախ փողային նվագակցումը խանգարում է մեզ այնքան, որ ստիպված ենք լարային կազմը մեծացնել: Իսկ այստեղ փողայինը չի խանգարում լարայինին: Սա այնքան պրոֆեսիոնալ մշակված գործ է, որ նույնքան տեղ ունի Կոմիտասի ու Եկմալյանի պատարագների կողքին»,- ասաց դիրիժորը:
Վահան Մարտիրոսյանի և Մխիթարյան Միաբանության հետագա համագործակցությունը դեռ քննարկվում է, հնարավոր է` Եղեռնի հարյուրամյակին որևէ միջոցառում կազմակերպվի:










