Սպասում եմ, որ Հասմիկ Պողոսյանը գա ու այստեղից կառավարի Հայաստանի 5000-ամյա մշակույթը. Լևոն Բարսեղյան

21:49 • 23.04.14

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վերանշանակումից հետո Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Գյումրում անհամբերությամբ սպասում է նախարարին: Tert.am-ի հետ զրույցում վերջինս նշեց.
«Սպասում եմ, որ գա ու այստեղից կառավարի Հայաստանի 5000-ամյա մշակույթը: Խոստանում եմ՝ մի հարմար դոմիկ տանք ու տեղադրենք այն գործարանի կողքին, որտեղ առաջին հարկում պահպանվել է նկարիչ Մինաս Ավետիսյանի երկու նկարը, էն էլ՝ այդ նկարների մի մասն է պահպանվել, որովհետև անցած տարիներին մշակույթի նախարարությունը բանի տեղ չի դրել այդ որմնանկարները, և դրանք եղանակային փոփոխություններից կիսով չափ ոչնչացել են»,-ասաց նա:

 


Լևոն Բարսեղյանն ընդգծեց, որ իր կարծիքով՝ Հասմիկ Պողոսյանը շատ քիչ բան է հասկանում Հայաստանի մշակույթի կառավարումից և առաջնորդվում է ինչ-ինչ անհասկանալի շահերով:


«Նա առաջարկեց Կառավարությանը, որ Մինասի նկարները տանենք՝ Կառավարության տանը կախենք, օդանավակայան տանենք, Հայաստանի մարզերից մինչև 5000-ամյա կոթողներ հավաքեց, բերեց, դրեց Երևանում: Անհասկանալի, տարօրինակ որոշումներ են դրանք, որոնց գլխավերևում կանգնած է ինքը»,-ասաց նա:

 


Ըստ Լևոն Բարսեղյանի՝ Հայաստանին ընդհանրապես հարկավոր չէ մշակույթի նախարարություն, հարկավոր է մշակութային արժեքները պահպանելու հատուկ ջոկատ:


«Գուցե պետք է ստեղծվի մշակութային ոստիկանություն՝ շատ նեղ առաքելությամբ՝ պահպանել ու պաշտպանել մշակութային կոթողները: Համարում եմ, որ նախարարությունը, հատկապես՝ այն վիճակում, ինչ այսօր, ընդհանրապես պետք չէ, քանի որ զբաղված է համերգներ կազմակերպելով, մշակութային գործիչների հրավիրելով, իսկ դրա համար նախարարության կարիքը չկա»,-ասաց նա: