Լուծումներից մեկն այն էր, որ հիմա մեկին բերենք, որ վիճակը հանդարտվի. Ռուդոլֆ Խառատյանը՝ իր հրաժարականի մասին
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և նրան փոխարինել է Վիլեն Գալստյանը: Ավելի վաղ որոշ աշխատակիցներ ստորագրահավաք էին կազմակերպել՝ նրան աշխատանքից հեռացնելու պահանջով: Tert.am-ի հետ հարցազրույցում Ռուդոլֆ Խառատյանն ասաց, թե թատրոնի աշխատանքին բնական ընթացք տալու համար իրենք շատ նեղ կազմով՝ բարձր ղեկավարության հետ, հանդիպումներ են ունեցել ու որոշել, որ այդ հարցին այդկերպ պետք է լուծում տալ:
-Պարո՛ն Խառատյան, հայտնի է, որ հրաժարականի դիմում եք ներկայացրել: Ինչո՞ւ:
-Ստեղծված այս իրավիճակից դուրս գալու համար մենք ինչ-որ ուղիներ ենք փնտրում, որովհետև ստորագրահավաք կար, դրանից մեկ տարի առաջ թատրոնը վերանորոգման մեջ էր, հետո թատրոնը բավական ֆինանսական վնասներ կրեց: Իսկ բալետն ինչ-որ ձևով պետք է շարունակի աշխատել, նույնիսկ եթե թատրոնում ստորագրահավաք կա, կամ՝ չկա: Թատրոնի աշխատանքին բնական ընթացք տալու համար մենք շատ նեղ կազմով՝ բարձր ղեկավարության հետ, հանդիպումներ ունեցանք ու որոշեցինք, որ այս հարցին լուծում է պետք տալ: Ես էլ մի փոքր անակնկալի եկա, բայց լուծումներից մեկն ու կարևորը դա էր, որ հիմա մեկին բերենք, որ այս վիճակը հանդարտվի, որովհետև միանշանակ է, որ ներկայացումները պետք է շարունակվեն: Թատրոնը պետք է իր ֆունկցիան չկորցնի:
-«Մեկին բերել» ասելով՝ Վիլեն Գալստյանի՞ն նկատի ունեք:
-Մենք արդեն մտածել էինք, որ Վիլեն Գալստյանը կարող է, որովհետև ինքն արդեն այդ փորձն ունի:
-Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ Վիլեն Գալստյանի նշանակումը ժամանակավոր է:
-Դուք այդպես կարող եք հասկանալ, ես ավելի բաներ չեմ ուզում ասել: Այն առաջադրանքները, որ ես դրել եմ` պետք է առողջացնի թատրոնը: Հուլիսին պետք է նորից որակավորում տեղի ունենա ամբողջ թատրոնում: Մի անգամ ես դա արեցի, ինչը զայրույթ առաջացրեց: Իսկ հուլիսին կայանալիք որակավորման արդյունքում շատ մարդ կկրճատվի, բայց սա անհրաժեշտ ձև է՝ այս օղակը շտկելու:
-Կոլեկտիվը Ձեր դեմ դեմարշ էր անում, մասնավորապես՝ չէր ներկայանում փորձերին, ստորագրահավաք էր սկսել: Դժգոհության պատճառ էր նաև այն, թե Դուք խիստ եք: Ըստ Ձեզ, արդարացվա՞ծ է Ձեր խստությունը, երբ թատրոնի աշխատակիցները ստանում են այդքան քիչ՝ 60-70 հազար դրամ աշխատավարձ:
-Մենք խոսում ենք բալետի՞, թե՞ ինչ-որ պատահական մի պարի համույթի մասին: Իրենց աշխատավարձն իմ աշխատած տարիների ընթացքում 3-4 անգամ բարձրացվել է: Բայց խոսքը սրա մասին չէ: Հիմա ամենացածր աշխատավարձը 80 հազար դրամն է, ամենաբարձրը՝ 257 հազար: Իհարկե՛, սա այն աշխատավարձը չէ, որ կարելի է ստանալ, ես պնդում էի, որ նվազագույնը լիներ գոնե 100 հազար դրամ: Եթե ուզում ենք բալետ ունենալ, պետք է որակավորում լինի, աշխատողները կրճատվեն և մնացած աշխատողների աշխատավարձերը բարձրանան: Հուլիսին է լինելու այդ որակավորումը, և հնարավոր է, որ բալետը 40 տոկոսով «մաքրվի»:
-Բայց դա լա՞վ է:
-Շատ լավ է, որովհետև եթե ուզում ենք բալետ ունենալ, ապա առաջին հերթին պետք է բեմ դուրս գան այնպիսի մարդիկ, որոնք համապատասխան տեսք ունեն: Հանդիսատեսը բեմի վրա առաջին հերթին պետք է պրոֆեսիոնալիզմ տեսնի: Ես մեր հայկական բալետին նայում եմ որպես «Գրանդ օպերա», Մարինյան թատրոն, հայկական բալետը ես համեմատում եմ նրանց հետ: Ինձ անհանգստացնում է այն, որ մենք կարող էինք աշխարհում հայկական բալետը ներկայացնել ըստ արժանվույն: Իմ և թիմի կոնֆլիկտը դրա մեջ է, որովհետև ես բալետին նայում եմ որպես համաշխարհային արժեք՝ իր զարգացումներով, իսկ այստեղ համեմատում են պարի անսամբլների հետ ու չեն հասկանում, թե ես ինչ եմ ուզում: Բայց ես տեսնում եմ պոտենցիալ: Ու այսօր ես այդ հարցերը հստակ դրել եմ, հիմա ուղիներ ենք փնտրում, թե ոնց անենք, ոնց գանք դրան: Իհարկե, շատ ցավոտ պրոցեսներ պետք է անցնենք, բայց պետք է անցնենք, որպեսզի պարողներն իրենց չհամեմատեն ուրիշ խմբերի պարողների հետ: Մենք գործ ունենք բալետի հետ:
-Հնարավո՞ր է, որ հետ վերադառնաք:
-Ես չեմ էլ գնացել: Սա համարենք ժամանակավոր անցումային փուլ, ու հենց իմ ուզածները եղան, շատ հնարավոր է, որ գնանք այն ճանապարհով, որ ես մտածել եմ:
-Ձեր կարծիքով Ձեր այդ նշած անցումային փուլում Վիլեն Գալստյանը կկարողանա՞ այնպես անել, որ ոչինչ չտուժի:
-Ինքը փորձ ունի, հուսով եմ: Նպատակն այն է, որ հանդարտեցնենք ժողովրդին, որ թատրոնն իր ֆունկցիան չկորցնի:
-Հուլիսից հետո ի՞նչ սպասումներ կարելի է ունենալ:
-Լրիվ ուրիշ որակ կտեսնեք: Այդ ժամանակ արդեն կերևա, թե ուր ենք գնում, ինչ ենք անում, արդեն դրա վրա աշխատում ենք: Տեղի ունեցած բոլոր իրադարձությունները մանր-մունր բաներ են այն նպատակի համար, ինչ մենք դրել ենք մեր առջև: Ես ամբիցիա չունեմ, թե՝ ես եմ ու վերջ: Ինձ պետք է, որ մեր հայկական բալետը ոտքի կանգնի: Ես ստեղծագործում եմ, ու իմ ստեղծագործական միտքը շատ կարևոր է իմ ադմինիստրատիվ աշխատանքից: Իմ նպատակը բալետ ունենալն է:
-Հասմիկ Պողոսյանն Անդրանիկ Արզումանյանին նշանակեց Օպերայի տնօրեն, ով օպերայի հետ որևէ կապ չունի, բայց մամուլին ասել էր, թե՝ կապ ունեմ, որովհետև Օպերայի մոտ եմ ապրում: Ինչպե՞ս եք գնահատում նման վերաբերմունքը ակադեմիական թատրոնի նկատմամբ:
-Ես արդեն մի քանի անգամ հանդիպել եմ իր հետ, և ինձ վրա Անդրանիկ Արզումանյանը նորմալ տպավորություն է թողել՝ որպես անձնավորություն և կազմակերպող: Հուսով եմ, որ այս ամենը, ինչ մասին խոսում ենք, ինքը պետք է ապահովի: Ակնկալիքս այն է, որ ինքը որպես մենեջեր պետք է կարողանա անել դա, որովհետև ինքը մենեջերն է, ես՝ միտքը: Մի պահ ես իմ ֆունկցիաները կորցրել էի: Հույսս այն է, որ ինքը կկարողանա, եթե չկարողանա՝ շատ կափսոսամ:
-Ի հիասթափություն շատ արվեստագետների, արդեն հայտնի է, որ Հասմիկ Պողոսյանը վերանշանակվեց մշակույթի նախարարի պաշտոնում: Դուք ո՞ւմ կուզեիք տեսնել մշակույթի նախարարի պաշտոնում:
-Իմ կարծիքը մեկն է՝ ես բալետի կողմն եմ, եթե Հասմիկ Պողոսյանը բալետի կողմն է, ես էլ իր կողմն եմ: Եթե ինքը բալետի դեմ է, ուրեմն ես էլ իր դեմ եմ:
-Իսկ այս տարիներն ի՞նչ ցույց տվեցին, Հասմիկ Պողոսյանը բալետին կո՞ղմ է, թե՞ դեմ:
-Այս տարիներին մի քիչ անհասկացողություն կար մեր բոլորի մեջ: Ես ասում էի, որ անընդհատ ուզում եմ առաջ գնալ ու մեծ տեմպերով, իսկ իրենք այդ տեմպերին չեն հասցնում:
-Պարո՛ն Խառատյան, ավելի վաղ ասել էիք, թե այնպես՝ ինչպես մի օր ԱՄՆ-ից եկել եք Հայաստան, այնպես էլ, շատ հնարավոր է, որ թողնեք ու գնաք:
-Ես այնտեղից չեմ կտրվել, գնալ-չգնալու հարց չկա: Տարվա մեջ երկու անգամ գնում եմ այնտեղ, վարպետության դասեր տալիս: Այստեղ ու այնտեղ չկա, դա համաշխարհային բալետն է, որի մեջ ես կամ: Իմ ամբողջ նպատակն այն է, որ հայկական բալետը տանեմ այդ արժեքների մեջ:










