«Աստղային պատերազմների» նոր մասը նկարահանվում է Արաբական Միացյալ Էմիրություններում
Ամերիկյան «Աստղային պատերազմներ» կինոէպոպեայի 7-րդ մասը նկարահանում են Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Gulf News-ին հղումով։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նկարահանումները տեղի կունենան Աբու Դաբիի անապատներում։
Սա հայտնի կինոասքի առաջին մասն է, որը թողարկելու է Walt Disney-ը: Երեքշաբթի կինոընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ Աբու Դաբիում արդեն իսկ նկարահանվել են ֆիլմի երկրորդական տեսարանները:
Հիմնական տեսարաններին դեռ չեն անցել, իսկ դերասանական կազմը կհրապարակվի ավելի ուշ:
«Աստղային պատերազմների» նախորդ մասի անապատային տեսարանները նկարահանվել էին Թունիսում:
Կինոասքը հղացել է ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասը 1970-ականներին: Նոր մասի հեղինակն է Ջեյ Ջեյ Աբրամսը: 7-րդ մասը դեռ վերնագիր չունի: Կթողարկվի 2015-ի վերջին:










