Ցեղասպանագետը ներկայացրեց իր 55 տարիների աշխատանքը՝ «Ականատես վերապրողների վկայություններ» գիրքը
Ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը Հայոց ցեղասպանության 99-ամյակին ընդառաջ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իր 55 տարիների աշխատանքը՝ «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գիրքը, որը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ հրատարակվել է 2011 թվականին՝ հայերեն և անգլերեն տարբերակներով:
««Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքում ամփոփված են 700 մարդու վկայություն: Հեշտ չի եղել հանդիպել նրանց ու հուշերը գրի առնել, քանի որ ստալինյան շորշոփները դեռ կային»,-ասաց Վերժինե Սվազլյանը՝ նշելով, թե ո՛չ միայն Հայաստանում է գրի առել Ցեղասպանության վերապրածների հուշերը, այլ՝ եղել է աշխարհի մի շարք պետություններում, այցելել տարբեր երկրների ծերանոցներ, որտեղ նույնպես եղել են ականատեսներ:
Գիրքը նաև թուրքերեն թարգմանությամբ հրատարակվել է Թուրքիայում, այն վաճառքում է: Գրքի թարգմանության հեղինակը Ռաքըպ Զառաքօլուն է, ով վերջերս Հայաստանում էր՝ ներկայացնելու գրքի թարգմանված տարբերակը:
Ցեղասպանագետի խոսքով՝ այս գրքում բացի ուսումնասիրություններից, որ ընդգրկում է Ցեղասպանության մասին փաստեր, ընդգրկված են նաև ժողովրդի պատմությունները:
«Ոմանք ուզում են Հայոց ցեղասպանությունը համեմատել հրեական Հոլոքոստի հետ, բայց Հոլոքոստի նախնական տարբերակը մենք տեսել ենք Վանում և Մուշում»,-ասաց Վերժինե Սվազլյանը։
«Մեզ պետք չէ թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, մեզ պետք է հատուցումը»,-հավելեց նա։










