Հռոմում ծաղիկներից պատրաստված ուտեստների խոհարարական փառատոն կանցկացվի
Հռոմում ծաղիկներից պատրաստված ուտեստներին նվիրված արտասովոր խոհարարական ցուցադրություն կբացվի:
Ինչպես գրում է Euroamg-ը՝ Culinaria եռօրյա փառատոնը, որին կմասնակցեն կին գլխավոր խոհարարներ Եվրոպայի տարբեր երկրներից, կանցկացվի նրբաճաշակության, կանացիության և գեղեցկության նշանաբանի ներքո:
Փառատոնը կնվիրվի համաշխարհային խոհարարության ոլորտում կնոջ դերակատարմանը, իսկ միջոցառման գլխավոր թեման ծաղիկներն են լինելու:
Գլխավոր խոհարարի մասնագիտությունը, ավանդաբար, համարվում է տղամարդու մասնագիտություն, սակայն ժամանակի ընթացքում բազմաթիվ ռեստորաններ կոտրում են այդ կարծրատիպը:
Խոհարարուհիներն իրենց յուրատեսակ ուտեսները կպատրաստեն հիբիսկուսից, որը «Փարավոնների ըմպելիքի» հայտնի բաղադրիչն էր, թանթրվենու պտղից, նաստուրցիայից, վարդերից, արևածաղկից:
Culinaria գաստրոնոմիական փառատոնը խոհարարությանը նվիրված փառատոներից ամենահեղինակավորն է Եվրոպայում: Այս տարի միջոցառումը տեղի կունենա Հռոմում՝ մայիսի 17-ին, 18-ին, 19-ին:












