Անտոնիո Բանդերասը կկատարի Պաբլո Պիկասոյի դերը

17:56 • 25.04.14

Իսպանացի կինոռեժիսոր Կառլոս Սաուրան, որն ավելի քան 30 ֆիլմերի հեղինակ է, որոնցից շատերը մրցանակների են արժանացել Կաննի և Բեռլինի կինոփառատոներում, հայտնել է, որ մտադիր է այս տարի սկսել «33» անվանումով ֆիլմի նկարահանումները, որում կպատմվի «Գեռնիկա» կտավի վրա Պաբլո Պիկասոյի աշխատանքի մասին, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Ֆիլմի հիմնական մասի գործողությունները կընթանան նկարչի արվեստանոցում։ Նկարահանումների համար ստեղծվել է Ֆրանսիայում Պիկասոյի ստուդիայի կրկնօրինակը, որտեղ գրեթե մեկ ամսում ստեղծվել է հայտնի կտավը։

 

Պիկասոյի դերը կատարելու համար ռեժիսորը հրավիրել է Անտոնիո Բանդերասին։ Դերասանը, ինչպես և Պիկասոն, ծնվել է Մալագայում։ Բանդերասն արդեն հաստատել է այդ դերը կատարելու իր ցանկությունը՝ նշելով, որ իրեն հատկապես գրավում է նկարչի ստեղծագործական կյանքի հենց այդ ժամանակաշրջանը։ «Կարծում եմ՝ ես արդեն հասունացել եմ այդ դերի համար»,- ասել է դերասանը։

 

Ֆիլմում գլխավոր հերոսուհուն կմարմնավորի Գվինեթ Փելթրոուն, ով նշել է, որ կանի դա «մեծ հաճույքով»։