«Եվրատեսիլի» ժամանակ Ղրիմից ստացված ձայները կհաշվվեն որպես ուկրաինական
Ղրիմի բնակիչների ձայները, որոնք կքվեարկեն «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ SMS-հաղորդագրությունների կամ զանգերի միջոցով, կհաշվարկվեն որպես ուկրաինական, այդ մասին հայտարարել է մրցույթի հասարակայնության հետ կապերի մասնագետ Յարմո Սիիմը, փոխանցում է newsru.com-ը։
Նա դա բացատրել է նրանով, որ Ղրիմում օգտագործվում է կապի ուկրաինական ենթակառուցվածքը։ Միևնույն ժամանակ Սիիմն ընդգծել է, որ եթե Ղրիմում և Սևաստոպոլում մինչ մրցույթը հասցնեն հրաժարվել +38 հեռախոսային կոդից, որը գործում է թերակղզում, և անցնեն ռուսական +7 կոդին, ապա բնակիչների ձայները կհաշվեն որպես Ռուսաստանից ուղարկված։
Ռուսական «Россия» հեռուստաալիքի ներկայացուցիչները հայտնել են, որ դեմ չեն նման որոշմանը։ «Россия 1» հեռուստաալիքի երաժշտական և ժամանցային հեռարձակումների պրոդյուսեր Գենադի Գոխշտեյնը նշել է, որ «Եվրատեսիլ» մրցույթի կանոններն արգելում են քվեարկել սեփական երկրի օգտին՝ գտնվելով նրա տարածքում։ Ղրիմի և Սևաստոպոլի դեպքում, որտեղ դեռևս կապի ուկրաինական ենթակառուցվածքն է գործում, բնակիչները կարող են աջակցել ռուս կատարողին։ Իսկ Ռուսաստանի համար նման իրավիճակը միայն շահեկան է։










