«Ռոմանտիկները» ֆիլմը ռեալիստորեն է ներկայացնում, թե ինչ են երազում ու մտածում երիտասարդները. ռեժիսոր

13:07 • 25.04.14

«Ռոմանտիկները» գեղարվեստական ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի կունենա այսօր, և դրան ընդառաջ ֆիլմի ռեժիսորներ Արեգ Ազատյանը, Շողիկ Թադևոսյանը և «Ռոմանտիկները» ֆիլմի դերասաններ Նարեկ Քոթոյանն ու Հակոբ Մանուկյանն այսօր կայացած ասուլիսին մի փոքր մանրամասնեցին ֆիլմի բովանդակությունն ու գաղափարը:


Արեգ Ազատյանի խոսքով՝ ֆիլմի վերնագիրը պայմանական է, իրականում ֆիլմը երիտասարդ տղաների մասին է, ովքեր ռեալիստորեն ներկայացնում են այն, ինչ երազում են, այն, ինչ մտածում են: «Ֆիլմի ասելիքը շատ բարդ է առաջին հայացքից, ասելիքներից մեկն այն է, որ հնարավորինս հավաստի հնչեն խոսքերը, թե ինչ մտածելակերպով են ապրում այսօրվա երիտասարդները»,- ներկայացրեց նա:


Վերջինիս խոսքով՝ ի զարմանս իրենց, արդեն շատ պատկառելի մարդիկ դրական են խոսել ֆիլմի մասին: «Սա այն ֆիլմն է, որի մասին պետք է խոսվի: Եվ առաջիկայում մեծ ակնկալիքներ ունենք»,- ասաց նա:


«Ռոմանտիկները» ֆիլմում անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանությանը, ինչի շուրջ Գերմանիայում ներկայացված փառատոնի ժամանակ արձագանքներ են եղել հենց Գերմանիայից:


Շողիկ Թադևոսյանի խոսքով՝ Գերմանիայում իրենք բարձրացրել են նաև Ցեղասպանության հարցը և Գերմանիային ներկայացրել ավելի շատ բացասական քողի տակ: «Դրա համար նրանց մոտ մի փոքր լավ չի ընդունվել և որպեսզի կոնֆլիկտ չլինի, նրանք խուսափում են բաց ցուցադրել ֆիլմը»,- ասաց նա:


Բանախոսները չցանկացան բացել փակագծերը՝ խոստանալով, որ ֆիլմը դիտելուց հետո միայն պարզ կլինեն շատ հարցերի պատասխաններ: