Գնանք տեսնենք, ինչ ենք անում. Արամ MP3-ն եվրատեսիլյան բեմում կլինի ամբողջովին մենակ
«Եվրատեսիլ-2014» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի տրամադրությունը մրցույթից առաջ լավ է, մարտական և եվրատեսիլյան: «Գնանք տեսնենք, ինչ ենք անում»,-մրցույթին ընդառաջ այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց նա:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ մարտի 25-ից իրենք մեկնել են պրոմոտուրերի և 17-18 երկրում ունեցել են համերգներ. «Շատ լավ են ընդունել մեզ, հատկապես այդ քաղաքների հայերը մեզ շատ լավ ընդունեցին, պատմեցին, թե ինչպես են իրենք ամեն տարի քվեարկում Եվրատեսիլում»:
Ինչ վերաբերում է մրցույթի ակնկալիքներին, երգիչը նշեց, որ շատ են աշխատել, ջանք չեն խնայել և հուսով են, որ արդյունքները կքաղեն. «Փորձում ենք ամեն դեպքում անել ամեն ինչ, որպեսզի հաղթենք, հուսանք, որ ամեն ինչ մեր սրտով կլինի»:
Արամն անդրադարձավ նաև մրցույթից հետո իր հետագա գործունեությանը. «Երգի ասպարեզում եմ արդեն 7 տարի, չեմ կարող հստակ ասել, թե մայիսի 10-ից հետո ինչ է լինելու, քանի որ գրաֆիկս ավարտվում է մայիսի 10-ին, բայց որ լինելու եմ այս ոլորտում, դա հաստատ է»:
Հարց հնչեց նաև մրցույթի մասնակից Կոնչիտայի հետ իր հանդիպումից, և Արամը պատասխանեց, որ նրա հետ խոսել են իրենց երգերի մասին և չցանկացավ այլ մանրամասներ ներկայացնել:
Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ ներկայացրեց, որ երգն իր տրամաբանությամբ շատ հնչեղ և տպավորիչ կլինի: Իսկ բեմականացման մասին ասաց, որ իրենք ճիշտ են գտել, որ Արամը բեմում մենակ լինի: «Նա ամբողջովին մենակ է լինելու բեմում, բայց մենք հուսով ենք, որ մեր հայրենակիցների շնորհիվ նա իրեն մենակ չի զգա բեմում»,- ասաց նա:
Վերջինս նաև նշեց, որ երգի հանդեպ հետաքրքրությունն այս տարի բավականին մեծ է և կարող են ասել, որ երգն ունի բոլոր շանսերը առաջին հնգյակում լինելու:
Նշենք, որ Արամ MP3-ն և մրցույթի հայաստանյան պատվիրակությունը ապրիլի 27-ին կմեկնեն Կոպենհագեն, որտեղ էլ արդեն կսկսվի և կիրականացվի նախամրցութային ողջ գործընթացը: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակչում 1-ին համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը մայիսի 10-ին:
Ընդհանուր առմամբ, այս տարի Եվրատեսիլին մասնակից երգերի տեսահոլովակների youtube-յան ալիքում դիտումների քանակով Not alone-ն առաջինն է՝ ավելի քան երկու միլիոն երկու հարյուր հազար դիտում ցուցանիշով: Բացի այդ, միջազգային բուքմեյքերական ընկերությունները, ամենատարբեր վարկանիշային կայքեր առաջատար հորիզոնականներում տեսնում են Հայաստանի պատվիրակին:










