Ամստերդամում հանձնել են World Press Photo ֆոտոմրցույթի մրցանակները (լուսանկարներ)

10:44 • 26.04.14

Ամստերդամում ուրբաթ երեկոյան կայացել է World Press Photo հեղինակավոր ֆոտոմրցույթի հաղթողներին մրցանակ հանձնելու հանդիսավոր արարողությունը։ Նիդեռլանդների արքայազն Կոնստանտինը մրցանակներ է հանձնել 53 լուսանկարիչների աշխարհի 25 երկրներից, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Գլխավոր մրցանակն այս տարի ստացել է ամերիկացի Ջոն Սթենմեյերը։ National Geographic ամսագրի համար արված լուսանկարում կարելի է տեսնել աֆրիկացի ներգաղթյալներին լուսնի լույսի ներքո Ջիբութիում։ Նրանք իրենց ձեքում բռնել են բջջային հեռախոսներ և փորձում են թույլ ազդանշան որսալ հարևան Սոմալիից՝ բարեկամների հետ կապ հաստատելու համար։

 

Ժյուրիի անդամ Սյուզան Լինֆիլդի կարծիքով՝ այդ «լուսանկարն ավելի շատ բան է ցույց տալիս, քան կարող են փոխանցել ֆիլմը կամ գիրքը, և ստիպում է շատ բաների մասին մտածել»։

 

«Այս լուսանկարները հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ համոզվել, թե ինչպիսի յուրահատուկ ուժ ունեն լուսանկարները»,- նշել է արքայազնը։

 

Մեկ տարվա ընթացքում World Press Photo հիմնադրամի վարկածով լավագույնը ճանաչված աշխատանքները կցուցադրվեն 45 երկրների 100 քաղաքներում։ Առաջին ցուցադրությունը սկսել է իր աշխատանքն ապրիլի 18-ին Ամստերդամի Նոր եկեղեցում։