Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

12:00 • 28.04.14

Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետարանի հարակից այգում, ի նշան քույր քաղաքների միջև բարեկամության, խաչքար է տեղադրվել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Տուֆակերտ խաչքարը Երևանի քաղաքապետարանի նվերն է քույր քաղաքին: Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի պատվիրակության անդամները՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ, Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկն ու տեղական իշխանության այլ ներկայացուցիչներ:


Միջոցառմանը մասնակցել են նաև հարակից մի քանի քաղաքների քաղաքապետեր, Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ, նաև՝ Անդրանիկ Օզանյանի թոռնուհին: Հանդիսավոր արարողության մասնակիցները նշել են, որ այս միջոցառումը հերթական ապացույցն է երկու քաղաքների տարեցտարի ամրապնդվող բարեկամության:


Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հրաշալի նվերի համար. «Ցավոք, մինչ այժմ մեր քաղաքում խաչքար չկար, և ես ուրախ եմ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նվերը լրացրեց այդ բացն ու մենք արդեն խաչքար ունենք, որը ոչ միայն հոգևոր, այլև մշակութային մեծ արժեք է»,- նշել է Ֆիլիպ Պեմեզեկը:


Ի դեպ, Պլեսի Ռոբինսոնն աշխարհի այն եզակի քաղաքներից մեկն է, որի քաղաքապետարանի առջև մշտապես ծածանվելու են Ֆրանսիայի ու Հայաստանի դրոշները: