Եթե չհայտնվեմ Ադրբեջանի «սև ցուցակում»՝ կվիրավորվեմ. Վերա Թարիվերդիևա

14:21 • 28.04.14

Ազգությամբ հայ հռչակավոր սովետական երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևի այրին՝ Վերա Թարիվերդիևան, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին իր տպավորությունները կիսեց ապրիլի 21-25-ն Արցախում անցկացված համերգների վերաբերյալ՝ նշելով, որ ինքն Արցախ առաջին անգամ չէ, որ այցելում է, այնտեղ եղել է նաև 2008-ին:


Չի՞ մտահոգվում արդյոք տիկին Թարիվերդիևան, որ այցելելով Արցախ՝ կարող է հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»՝ հարցին Վերա Թարիվերդիևան պատասխանեց. «Եթե չհայտնվեմ Ադրբեջանի «սև ցուցակում»՝ կվիրավորվեմ»:


Ապա անդրադառնալով համերգային ծրագրին՝ կոմպոզիտորի կինն ասաց, որ Արցախ վերադառնալու ցանկությունը շատ մեծ է եղել և ինքը հաճույքով է ընդունել բանաստեղծ և ասմունքող Վիկտոր Կոնոպլյովի՝ նախաձեռնությունն իրականացնելու գաղափարը:


«Ոչ միայն տարբեր համերգներ ենք ունեցել, այլև շփվել ենք դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ: Երեխաները և ուսուցիչները պատմում էին Թարիվերդիևի կենսագրությունը, ներկայացնում էին նրա երաժշտությունը»,- ասաց Վերա Թարիվերդիևան՝ հավելելով, թե ապշել և հիացել է արցախյան դպրոցներով:


«Ինձ ապշեցրել է այն, թե Արցախում որքան մեծ ուշադրություն է դարձվում կրթությանը և լուսավորությանը: Ես նման լավ դպրոցներ քիչ եմ տեսել: Այնտեղ սովորում և աշխատում են տաղանդավոր երեխաներ և մանկավարժներ»,- ասաց կոմպոզիտորի կինը: Իսկ այցը Վերա Թարիվերդիևան բնորոշեց այսպես. «Շատ հաճելի էր և անմոռաց»:


Մտահղացման հեղինակ Վիկտոր Կոնոպլյովն էլ ասաց, թե շատ է սիրում Թարիվերդիևի երաժշտությունը: Նա նաև նշեց, որ Արցախի հետ կապ ունի, որովհետև բազմաթիվ գաղափարներ է իրականացրել այնտեղ: «Սա իսկապես 5 օր տևողությամբ տոն էր»,- ընդգծեց բանաստեղծը։


Ասուլիսին ներկա՝ Թարիվերդևի ստեղծագործությունները կատարող Սար Սարգսյանն, որ ծնունդով արցախցի է, Արցախում հանդես է եկել մենահամերգով և կատարել կոմպոզիտորի ստեղծագործությունները: «Արցախի համար մեծ պատիվ էր, երբ իմացանք,որ Թարիվերդիևը արմատներով այնտեղից է: Բավականին հետաքրքիր օրեր էին, Արցախում իսկական տոն էր»,- ասաց Սար Սարգսյանը:


Վերա Թարիվերդիևան հույս հայտնեց, որ Թարիվերդիևի երաժշտական օրերը կշարունակվեն և հնարավոր է իրենք ճամփորդեն ամբողջ Հայաստանով: