Հայկական պարարվեստը քայլում է լուսեղեն ճանապարհով. այսօր Պարի համաշխարհային օրն է

11:59 • 29.04.14

Պարի համաշխարհային օրվա առթիվ այսօր կայացած ասուլիսին հայ պարարվեստի խնդիրների ու զարգացման նոր ուղիների մասին խոսելիս Հայաստանի պարարվեստի միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը վստահաբար հայտարարեց, որ հայկական պարարվեստը քայլում է լուսեղեն ճանապարհով:


«Հայկական պարի գործում խոշոր նշանակություն է ունեցել հայկական ժողովրդական պարը: Հազարամյակների ընթացքում մեր ազգային ինքնության բանալին եղել է պարարվեստի մեջ: Հայ ժողովրդի գեղեցիկ ավանդներով ապրած մեր պարարվեստի սկիզբը 1922 թվականն էր, երբ Երևանում բացվեց պարավեստի առաջին ստուդիան»,- ներկայացրեց նա:


Վերջինս նաև տեղեկացրեց, որ 2015թ.-ին նախատեսում են պարի համաշխարհային կոնգրես անցկացնել Հայաստանում:


Խնդիրների մասին խոսելիս Կարեն Գևորգյանը նշեց, որ դրանք բազմազան են, օրինակ՝ չկա պարի մասին օրենք, և այսօր բազմաթիվ պարային կոլեկտիվների ղեկավարներ ով որտեղ ասես խումբ է բացում՝ չիմանալով ազգային պարի նրբերանգները. «Մենք բազմիցս դիմել ենք տարբեր կազմակերպությունների և փորձել ենք այդ խնդիրներին լուծում տալ: Մենք այսօր ունենք հրաշալի պարային կոլեկտիվներ, փաստ է, բայց պետական ուշադրությունը պարարվեստի նկատմամբ քիչ է»:


Բանախոսը նաև ասաց, որ պարարվեստում փորձարարական լաբորատորիա նույնպես չունեն, երիտասարդ պարուսույցները, եթե ցանկանան ինչ-որ բեմադրություն իրականացնել, պայմաններ չունեն: Եվ այսօր երիտասարդ պարուսույցների կարիք կա:


Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը, ով հայ պարի ամենամեծ թերությունը համարեց նոր բեմադրությունների պակասը: